Macro

Հայաստանը 8,2 մլն եվրոյով կբաժանորդագրվի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ևս 7136 բաժնետոմսի և կպահպանի 1,01% մասնաբաժինը

Հայաստանը լրացուցիչ կբաժանորդագրվի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) 7136 բաժնետոմսի՝ 8 մլն 206,4 հազ. եվրո ընդհանուր արժեքով, և կպահպանի բանկի կապիտալում իր 1,01% մասնաբաժինը։ Որոշման նախագիծը նոյեմբերի 12-ին կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Խոսքը բանկի կանոնադրական կապիտալի երկրորդ համալրմանը Հայաստանի մասնակցության մասին է։ Համալրումը հաստատվել է բանկի Կառավարիչների խորհրդի 2024-ի մայիսի 21-ի թիվ 220 որոշմամբ, որին Հայաստանը կողմ է քվեարկել։ Համալրման ընդհանուր ծավալը 816 մլն 536,8 հազ. եվրո է՝ շուրջ 710 հազ. բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1150 եվրո արժողությամբ։ Ներկայում Հայաստանն ունի 20 հազ. բաժնետոմս, բաժանորդագրված կապիտալը 23 մլն եվրո է։ Նոր բաժանորդագրությունից հետո բաժնետոմսերի քանակը կհասնի 27,1 հազարի, բաժանորդագրված կապիտալը՝ 31 մլն 206,4 հազ. եվրոյի։

Ամբողջ գումարը միանգամից վճարելու անհրաժեշտություն չկա։ Գումարի 30%-ի՝ 2 մլն 461,9 հազ. եվրոյի համար մինչև 2026-ի ավարտը կթողարկվի անտոկոս մուրհակ, որը կմարվի ութ հավասար մասով 2027–2034-ին՝ տարեկան 307,7 հազ. եվրո։ Մնացած 70%-ը՝ 5 մլն 744,5 հազ. եվրոն, ցպահանջ կապիտալ է և վճարվում է միայն ըստ պահանջի։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ տարեկան մարումները նախատեսված են 2027–2029-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով։

Որոշումը նախ պետք է պետությանը՝ որպես բաժնետիրոջ. պահպանվում են մասնաբաժինը և ձայնի իրավունքի կշիռը։ Այն կարևոր է նաև մասնավոր հատվածի և ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք օգտվում են բանկի ֆինանսավորումից։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը 1998-ից բանկի հիմնադիր անդամներից է, և այս տարիներին բանկը մասնավոր հատվածին տրամադրել է շուրջ 400 մլն եվրոյի առևտրային և ծրագրային ֆինանսավորում։ Բանկի գործող վարկային պորտֆելը շուրջ 1,5 մլրդ եվրո է, որից Հայաստանում հաստատված ծրագրերը՝ շուրջ 120 մլն եվրո, փաստացի հատկացված ֆինանսավորումը՝ շուրջ 84 մլն եվրո։ Բանկի տվյալներով՝ 2026-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի համար հաստատվել է 51 գործառնություն՝ 430,1 մլն եվրոյի, ստորագրվել է 49-ը՝ 382,9 մլն եվրոյի, տրամադրվել է 399,8 մլն եվրո։

«Թեև բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 1,01 տոկոս, մեր երկրում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալը զգալիորեն գերազանցում է այդ մասնակցության հարաբերական կշիռը»,- նշել է Հովհաննիսյանը։

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բանկը լավ գործընկեր է անվանել, սակայն առաջարկել է ռազմավարական առումով քննարկել ներդրումները դրամով իրականացնելու հարցը։ Նրա խոսքով՝ միայն վարկային ռեսուրսները բավարար չեն, որպեսզի Հայաստանը, բաժնետեր լինելով, մնա «դիտորդի կարգավիճակում», իսկ զարգացման մանդատի շրջանակում առաջ են գալիս երկարաժամկետ ֆինանսավորման արժույթի և կապիտալում մասնակցության հարցերը։ Փոխվարչապետի հարցին՝ մասնակցո՞ւմ է արդյոք բանկը Հայաստանի պետական պարտատոմսերի առևտրին, նախարարը պատասխանել է, որ չի մասնակցում։ Դրամով ֆինանսավորման և հեջավորման մասին քննարկումը՝ BusinessDaily.am-ի առանձին նյութում։

Բիզնեսի համար գործնական հետևությունն այն է, որ բանկի կայքում ներկայացված հայաստանյան ծրագրերը ֆինանսական կազմակերպությունների ոլորտից են, այսինքն՝ բանկի ռեսուրսները ընկերություններին հասնում են գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով։ Բյուջեի համար պարտավորությունը տարեկան 307,7 հազ. եվրո է՝ 2027-ից։ Հիմնավորման համաձայն՝ անդամ պետությունները ներպետական ընթացակարգերը պետք է ավարտեն մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Փոխվարչապետը նախագիծը դրել է քվեարկության. նիստի մասնակիցները առարկություններ չեն ներկայացրել։

ՍԱԶԲ-ն հիմնադրվել է 1994-ի հունիսի 30-ի համաձայնագրով։ Բանկի 2026-ի օգոստոսի 3-ի հաղորդագրության համաձայն՝ S&P Global Ratings-ը բանկի երկարաժամկետ վարկանիշը BBB-ից բարձրացրել է BBB+՝ կայուն հեռանկարով, իսկ Moody’s Ratings-ը հաստատել է Baa2 վարկանիշը՝ հեռանկարը կայունից դարձնելով դրական։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}