Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին մասնակցության համաձայնագրեր

Հայաստանը և Եվրոպական միությունը (ԵՄ) Բրյուսելում ստորագրել են ԵՄ «Քասթըմս» (Customs) մաքսային և «Ֆիսկալիս» (Fiscalis) հարկային համագործակցության ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր։ Այս մասին հայտնել է Հայաստանի հարկային և մաքսային վարչարարությունն իրականացնող Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։ Փաստաթղթերը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՄ հանձնակատար Վոպկե Հուկստրան։
Ծրագրերին մասնակցության համար Հայաստանը 2027-ին կներդնի 76,5 հազ. եվրո։ Ինչպես նախկինում գրել էր BusinessDaily-ն, ՊԵԿ-ի հիմնավորման համաձայն՝ «Քասթըմս»-ին բաժին կհասնի 40,0 հազ. եվրո (38,5 հազ.-ը՝ գործառնական ներդրում, 1,5 հազ.-ը՝ մասնակցության վճար), «Ֆիսկալիս»-ին՝ 36,5 հազ. եվրո (35,1 հազ. և 1,4 հազ.)։ Գործառնական ներդրումը հաշվարկվում է ծրագրի բյուջեի և Հայաստանի ՀՆԱ-ի հարաբերակցությամբ՝ 80% զեղչով։
«Քասթըմս»-ը ենթադրում է Հայաստանի մաքսային օրենսդրության աստիճանական մոտարկում ԵՄ օրենսդրությանը և Համաշխարհային մաքսային կազմակերպության չափորոշիչներին, մաքսային ընթացակարգերի թվայնացում, եվրոպական էլեկտրոնային համակարգերի ներդրում և մաքսային ծառայողների վերապատրաստում։ ՊԵԿ-ի հիմնավորման մեջ նպատակը ձևակերպված է այսպես՝ «որպեսզի ԵՄ ներդրողը Հայաստանում առնչվի իրեն ծանոթ մաքսային վարչարարությանը»։
«Ֆիսկալիս»-ը հարկային ծառայությանը հնարավորություն կտա օգտվել ԵՄ տեղեկատվական համակարգերից, այլ երկրների հետ փոխանակել հարկային տվյալներ և ուժեղացնել պայքարը հարկային խարդախության ու հարկերից խուսափելու դեմ։ Ակնկալվում է հարկերի հավաքագրման բարելավում և ստվերի կրճատում։
Հակոբյանի խոսքով՝ համաձայնագրերը Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017-ին ստորագրված և 2021-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործնական արդյունքն են և այս տարի կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի պայմանավորվածությունների շարունակությունը։ «Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա և արդյունավետորեն ծառայում է մեր քաղաքացիներին ու տնտեսվարողներին»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։
Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին և դրա Հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինությանը (DG TAXUD)՝ հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել աշխատանքները։ Կողմերը պայմանավորվել են նշանակել համաձայնագրերի կատարման համար պատասխանատու անձանց։
ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերը գործում են 1990-ականներից, ներկայիս փուլը նախատեսված է 2021-2027-ի համար։ Հայաստանի համար դրանք կկիրառվեն մեկ տարի՝ 2027-ին։



