Կառավարությունը 29,3 մլրդ դրամ է վերաբաշխել առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների սուբսիդավորման համար

Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում 29 մլրդ 302 մլն 242 հազար դրամ (81,3 մլն ԱՄՆ դոլար) է վերաբաշխել առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների սուբսիդավորման պակասորդը փակելու համար։ Միջոցները հատկացվում են Առողջապահության նախարարությանը և ուղղվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 19 մլրդ 80 մլն դրամը վերցվում է Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը 2026 թվականի բյուջեով հատկացված միջոցներից, 10 մլրդ 222 մլն 242 հազար դրամը՝ Ֆինանսների նախարարության «Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառումից։ Փաստաթղթում նշվում է, որ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Պակասորդը ձևավորվել է երկու միջոցառման գծով։ Վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման համար բյուջեով նախատեսվել էր 1 մլրդ դրամ՝ 166 667 աշխատողի մեկ ամսվա 6000 դրամի սուբսիդավորման համար. հունիսի 18-ի և սեպտեմբերի 17-ի որոշումներով հատկացումներն ավելացվել են 9 մլրդ 98 մլն դրամով, ինչը բավարարել է ութ ամսվա համար։ Հունվար–սեպտեմբերին պետության կողմից սուբսիդավորման ենթակա մասը կազմել է 11 մլրդ 692 մլն 600 հազար դրամ. պարտքը ներկայում 1 մլրդ 594 մլն 580 հազար դրամ է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կհասնի 5 մլրդ 156 մլն 580 հազար դրամի։
Երկրորդ միջոցառման՝ համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների գծով միջոցները բավարարել են մինչև սեպտեմբերը ներառյալ. հոկտեմբերի դրությամբ սուբսիդավորման պարտքը 9 մլրդ 347 մլն 640 հազար դրամ է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կկազմի 24 մլրդ 145 մլն 700 հազար դրամ։ Սուբսիդիա ստացող վարձու աշխատողների թվի տարեկան ցուցանիշն ավելացվում է 145 957-ով։
Որոշումը վերաբերում է ապահովագրված աշխատողներին և գործատուներին, ինչպես նաև բժշկական կազմակերպություններին, որոնց հիմնադրամը հատուցում է համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց։ Հիմնավորման համաձայն՝ որոշումը կապահովի ֆինանսական միջոցների հատկացման բնականոն ընթացքը և հնարավորություն կտա մարել մինչև նոյեմբերի 30-ը կանխատեսվող պարտավորությունները։
Բժշկական կազմակերպությունների համար դա նշանակում է, որ հիմնադրամը միջոցներ է ստանում կուտակված պարտավորությունները կատարելու համար։ BusinessDaily.am-ը հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ 2027 թվականից առողջության ապահովագրությունը կտարածվի մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ևս 350 հազար աշխատողի վրա։



