Հայաստանում «Ռոսատոմ»-ի նոր էներգաբլոկի նախագիծ. էլեկտրաէներգիայի ցածր արժեք և III+ սերնդի անվտանգություն

«Ռոսատոմ»-ը Հայաստանի կառավարությանը ներկայացրել է մոտ 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկ՝ ՎՎԷՌ-1000 նախագծով։
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և երկրում նոր ատոմային հզորությունների կառուցման հեռանկարները։
Քննարկման հիմնական թեմաներից է եղել գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգումը մինչև 2036 թվականը։ Նախագծի առաջին փուլն ավարտվել է. կայանը ստացել է հետագա աշխատանքի թույլտվություն։ Լիխաչովի խոսքով՝ մինչև 2031 թվականը նախատեսված միջոցառումների մեծ մասն արդեն կատարված է։
«Աշխատանքները կշարունակվեն 2036 թվականի նպատակով։ Ոչ ես, ոչ էլ մեր մասնագետները չենք կասկածում, որ կայանի ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը։ Իհարկե, վերջին խոսքը շահագործող կազմակերպությանը, կայանին, կարգավորողին՝ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեինն է»,- ասել է Լիխաչովը։
Հայկական կողմն ուսումնասիրում է նաև էներգաբլոկի աշխատանքը 2036-ից մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։ «Ռոսատոմ»-ի ղեկավարի գնահատմամբ՝ տեխնիկապես դա հնարավոր է, բայց կպահանջի զգալի ներդրումներ անվտանգության և ավտոմատիկայի համակարգերի արդիականացման, ռեակտորի իրանի կրկնակի թրծաթողման, ինչպես նաև օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանների ընդլայնման ու վերանորոգման համար։ Ներդրումների ծավալը կարող է հասնել հարյուրավոր միլիոն դոլարի։
Բանակցությունների մյուս թեման նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն է։ Լիխաչովի խոսքով՝ Հայաստանը մոտակա ամիսներին նախատեսում է որոշել բլոկի տեխնիկական տեսքը և նախագծի գործընկերներին։
«Մենք Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ ենք արել 1000 մեգավատանոց բլոկի վերաբերյալ՝ մեր լավագույն ՎՎԷՌ-1000 նախագծի շրջանակում։ Հենց այս ՎՎԷՌ-ներն ենք մենք կրկնօրինակում մեզ մոտ, հենց այս ՎՎԷՌ-ներն ենք կառուցել և շարունակում ենք կառուցել Հնդկաստանում, Իրանում։ Դրանցում համատեղված են շատ բարձր տնտեսական արդյունավետությունը, այն է՝ էլեկտրաէներգիայի ցածր արժեքը, և III+ սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը»,- նշել է Լիխաչովը։
«Ռոսատոմ»-ի ղեկավարն ընդգծել է, որ տեխնոլոգիայի և գործընկերոջ վերաբերյալ վերջնական որոշումը Հայաստանի կառավարությանն է։ Ռուսական կողմը պատրաստ է նախագիծն իրականացնել միջազգային ձևաչափով՝ արտասահմանյան մատակարարների ներգրավմամբ։
Տեղեկանք
Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ։ Կայանում կառուցվել է ՎՎԷՌ-440 ռեակտորներով երկու էներգաբլոկ. առաջինը շահագործման է հանձնվել 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989-ի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ 1995-ին վերագործարկվել է երկրորդ էներգաբլոկը։ 2021-ին «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ ավարտվել է դրա լայնածավալ արդիականացումը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-հուլիսին ՀԱԷԿ-ում թողարկվել է ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 18,7%-ը։ Կայանի արտադրությունը կազմել է 939,5 մլն կՎտ·ժ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 403,2 մլն կՎտ·ժ։ Նվազումը կազմել է 33,1%։



