Հայաստանյան HGH Agro Drones-ը 9 դրոնով այս տարի մշակել է ավելի քան 200 հա դաշտ

Դրոններով սրսկման ծառայություններ մատուցող հայաստանյան HGH Agro Drones ընկերությունն այս տարի մուտք է գործել գյուղատնտեսական ծառայությունների շուկա և 9 դրոնով մշակել է ավելի քան 200 հա դաշտ։ Այդ մակերեսի մեջ չեն մտնում ջերմոցները և պետության համար կատարված աշխատանքները։ Այս մասին BusinessDaily-ին հայտնեց HGH Agro Drones-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ մինչ այդ՝ անցած տարի, ընկերությունը Հայաստանում սրսկել է 9 հազ. հա անտառ, որից հետո անցել է գյուղատնտեսական աշխատանքների։ «Երևի հեկտարաժով Հայաստանում ամենաշատը մենք ենք արել»,- նշեց Հարությունյանը։
Տնտեսությունը կարող է պատվիրել ծառայությունը՝ առանց սարքավորում գնելու, իսկ ընկերությունն ուղարկում է այնքան դրոն, որքան պահանջում է աշխատանքը։ «9 հատ ունենք այս դրոններից, որպեսզի աշխատանքները կարողանանք ավելի արագ կատարել։ Ըստ պահանջի, ըստ մակերեսի ուղարկում ենք այնքան դրոն, որքան պետք է, հնարավորինս արագ աշխատանքները կատարելու համար»,- պարզաբանեց նա։ Ծառայության արժեքը հարցազրույցում չի քննարկվել։
Բացի դաշտերի մշակումից, ընկերությունն առաջարկում է ջերմոցների տանիքների սպիտակեցում, իսկ այնուհետև՝ լվացում, երբ պետք է վերականգնել արևի լույսի ներթափանցումը։ «Աճը կա, ամեն տարի աճը կա, որովհետև ամեն տարի նոր իմանում են, որ կարելի է անել, օրինակ, ջերմոցների տանիքների սպիտակեցումը, դրանից հետո՝ լվացումը»,- ընդգծեց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը գնում, բացատրում է, և աշխատանքները տարեցտարի ավելանում են, «որովհետև մարդիկ իմանում են, որ այս դրոններով հնարավոր է անել այդ ծառայությունը»։
Ընկերության տնօրենը պարզաբանեց, որ բիզնեսի գաղափարը ծնվել է արտերկրում ցուցահանդես այցելելուց հետո. «Գնացինք ցուցահանդես ուրիշ երկրում, տեսանք, դուրներս շատ եկավ, ու սկսեցինք դրանով զբաղվել»։ Հարությունյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։



