IntensiveAgro

Կառավարությունը սեպտեմբերի արտահանման փոխհատուցումների համար հատկացրել է 5,9 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը Էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 5 մլրդ 897,6 մլն դրամ (մոտ 16,3 մլն ԱՄՆ դոլար)՝ սեպտեմբերին ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, սննդամթերքի և խմիչքի արտահանման, ինչպես նաև վերամշակման համար դեղձի և թզի մթերման դիմաց փոխհատուցումներ վճարելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Գումարը կհատկացվի հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստից և նախատեսված է չորրորդ եռամսյակի համար։

Ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցության համար կուղղվի 2 մլրդ 75,7 մլն դրամ։ Հիմնավորման համաձայն՝ սեպտեմբերին արտահանվել է 2412 տոննա լոլիկ, 1438 տոննա պղպեղ, 945 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 177,7 տոննա չերրի լոլիկ, 97 տոննա ելակ և 76 տոննա սմբուկ, ինչպես նաև 4,07 մլն հատ ծաղիկ՝ ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա։ Հունիս–սեպտեմբերին լոլիկի արտահանումը կազմել է 6351 տոննա, պղպեղինը՝ 6127 տոննա։

Թարմ մրգի, սննդամթերքի և խմիչքի արտահանման աջակցության համար կհատկացվի 2 մլրդ 585,2 մլն դրամ։ Սեպտեմբերին արտահանվել է 2691 տոննա սալոր, 1405 տոննա դեղձ և նեկտարին, 859,9 տոննա խաղող, 329 տոննա խնձոր և 259,9 տոննա թուզ։ Խմիչքներից արտահանվել է 1 մլն 972,2 հազ. լիտր (100% սպիրտի հաշվարկով) շշալցված հայկական բրենդի կամ կոնյակ, 665,3 հազ. լիտր պտղահատապտղային և 458,1 հազ. լիտր խաղողի գինի, ինչպես նաև 839,9 հազ. լիտր բնական հանքային ջուր։ Արտահանվել է նաև 82,8 տոննա իշխան, 134,4 տոննա տոմատի մածուկ և 40,8 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն։

Վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ամբողջ երկրից դեղձի մթերման սուբսիդավորման համար կհատկացվի 1 մլրդ 236,8 մլն դրամ։ Սեպտեմբերին մթերվել է 9800 տոննա դեղձ և 94 տոննա թուզ, իսկ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 30-ը՝ ընդհանուր առմամբ 15 հազ. տոննա դեղձ և 175 տոննա թուզ։

Հունիս–օգոստոսին ջերմատնային արտադրանքի աջակցության համար հաստատված էր 4 մլրդ 384,6 մլն դրամ։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ 163 դիմումով հայցվել է 4 մլրդ 507,4 մլն դրամի փոխհատուցում, որից վճարվել է 4 մլրդ 61,6 մլն դրամը։ Մրգի, սննդամթերքի և խմիչքի համար հաստատված 7 մլրդ 982,6 մլն դրամից 485 դիմումով հայցվել է 7 մլրդ 385,9 մլն դրամ, վճարվել է 6 մլրդ 881,9 մլն դրամ, իսկ չօգտագործված 596,7 մլն դրամը նվազեցվել է սեպտեմբերի պահանջարկից։ Դեղձի և թզի մթերման համար 140 դիմումով հայցվել է 1 մլրդ 169,3 մլն դրամ, որից վճարվել է 385 մլն դրամը։

Աջակցության երկու ծրագրերը կառավարությունն ընդունել է 2026-ի հունիսի 4-ին և 11-ին՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով։ Նախագիծը մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}