ՀՀ ԿԲ-ն կստանա վաղ միջամտության գործիքներ, տուգանքը՝ մինչև ակտիվների 1%-ը. նախագիծ

Կենտրոնական բանկը կկարողանա միջամտել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությանը ոչ միայն խախտումից հետո, այլև ռիսկերի ի հայտ գալու փուլում։
Դա նախատեսված է ՀՀ կենտրոնական բանկի մշակած՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով, որն ամբողջությամբ վերաշարադրում է օրենքի՝ վերահսկողությանը և ներգործության միջոցներին վերաբերող 5.1 գլուխը։
Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն
Նախագծով ամրագրվում է ապագային միտված, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը։ ԿԲ-ն շարունակաբար կգնահատի վերահսկվող անձանց ռիսկերը, դրանք կառավարելու կարողությունն ու հնարավոր վնասները կլանելու ունակությունը և ուշադրությունը կկենտրոնացնի առավել ռիսկային կազմակերպությունների ու ոլորտների վրա։
Միջամտության գործիքները կկիրառվեն, եթե բացահայտվել են էական ռիսկեր, խախտվել են պահանջները կամ առաջիկա մեկ տարում խախտման իրատեսական հավանականություն կա, ինչպես նաև եթե վտանգված է կազմակերպության ֆինանսական վիճակը, իրացվելիությունը կամ բնականոն գործունեությունը։ Առաջին փուլում ԿԲ-ն վերահսկողական նամակով կարող է պահանջել ներկայացնել կապիտալի համալրման, ծախսերի կրճատման կամ չաշխատող ակտիվների նվազեցման ծրագիր, անցկացնել ներքին աուդիտ կամ հրավիրել խորհրդի արտահերթ նիստ։
Ավելի լուրջ դեպքերում ԿԲ-ն կկարողանա կասեցնել ղեկավարների լիազորությունները, սահմանափակել գործառնությունները, աշխատավարձերի բարձրացումն ու պարգևավճարները, պահանջել փոխել բիզնես մոդելը, արգելել հաճախորդների իրավունքները խախտող սակագները, իսկ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջը զրկել շահութաբաժիններից։ Այդ որոշումները կարելի է բողոքարկել դատարանում, սակայն բողոքարկումը չի կասեցնի դրանց կատարումը։
Տուգանքներ և պայմանագիր ԿԲ-ի հետ
Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվող անձի տուգանքը չի կարող գերազանցել ակտիվների 1 տոկոսից կամ հասույթի 10 տոկոսից առավելագույնը։ Եթե խախտմամբ ստացված շահույթն ավելի մեծ է, տուգանքը կարող է հասնել այդ շահույթի կրկնապատիկին։ Ղեկավարների տուգանքը կլինի մինչև նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը և կգանձվի նրանց անձնական միջոցներից։
Տուգանքը կնվազեցվի, եթե կազմակերպությունը ժամանակին կատարի ԿԲ հանձնարարականը, և կարող է տարաժամկետվել մինչև մեկ տարով։ ԿԲ-ն կհրապարակի պատասխանատվության միջոցների մասին հակիրճ տեղեկություն՝ առանց հաճախորդների անձնական տվյալների։ Նախագծով վարչական վարույթի առավելագույն ժամկետը մեկ տարի է։
Նախագծի համաձայն՝ ԿԲ-ն և խախտում թույլ տված վերահսկվող անձը կամ ֆինանսական խումբը կարող են ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով պայմանագիր կնքել։ Դրանով կարող են սահմանվել շահութաբաժինների վճարման կասեցում, ղեկավարների աշխատավարձի նվազեցում, ավելի խիստ նորմատիվներ և գովազդի սահմանափակում։ Պայմանագրի կնքումից հետո վարույթները կարող են կասեցվել, իսկ տուգանքները՝ հետաձգվել կամ նվազեցվել։ Պայմանագրի չկատարումը կարող է հիմք դառնալ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար։
Դրամավարկային քաղաքականություն և հաշվետվողականություն
ԿԲ-ն առնվազն եռամսյակը մեկ կհրապարակի դրամավարկային քաղաքականության զեկույց՝ գնաճի և մակրոտնտեսական կանխատեսումների սցենարներով։
Մինչև մայիսի 1-ը ԿԲ-ն Ազգային ժողով կներկայացնի գործունեության տարեկան հաղորդում, որը կներառի դրամավարկային քաղաքականության զեկույցը, դրա կատարման հաշվետվությունը և ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Տարին առնվազն մեկ անգամ կհրապարակվի նաև վերահսկողական առաջնահերթությունների փաստաթուղթ։
Նախագծի համաձայն՝ միջազգային պահուստների տեղաբաշխման առաջնային չափանիշը միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է։ ԿԲ-ն եռամսյակը մեկ կհրապարակի պահուստների վիճակն ու կազմը, իսկ դրանց վտանգավոր նվազման միտման դեպքում արտահերթ կտեղեկացնի կառավարությանը, վարչապետին և ԱԺ նախագահին։
Այլ փոփոխություններ
- ԿԲ նախագահը, տեղակալները, խորհրդի անդամներն ու ԿԲ խորհրդի որոշմամբ սահմանված այլ ծառայողներ պաշտոնից հեռանալուց հետո մեկ տարի չեն կարող աշխատել ԿԲ-ի կողմից կարգավորվող կամ վերահսկվող կազմակերպություններում։
- ԿԲ-ն կկարողանա վերահսկվող անձանցից պահանջել ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ գաղտնիք համարվողը, և դրա տրամադրումը չի կարող մերժվել։
- Վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության համար ԿԲ-ն անհատական տվյալներ կստանա պետական մարմիններից, ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից՝ բացառապես վիճակագրական նպատակով։
- ԿԲ խորհուրդը կընդունի ֆինանսական համակարգում անձնական տվյալների պաշտպանության նորմատիվ ակտեր։
- ԿԲ-ն կարող է ունենալ այլ գրասենյակներ. գլխավոր և այլ գրասենյակների գտնվելու վայրերը կսահմանի կանոնադրությունը։
Օրենքի նախագիծը քննարկման է դրված մինչև 2026-ի հոկտեմբերի 14-ը։ Այն պետք է հավանության արժանանա ՀՀ կառավարության կողմից և փոխանցվի Ազգային ժողով։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։ Վերահսկողական գնահատման և միջամտության գործիքների դրույթները կգործեն յուրաքանչյուր տեսակի ֆինանսական կազմակերպության համար՝ ԿԲ համապատասխան որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո։



