Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն օգոստոսին աճել է 4,7%-ով՝ հասնելով 830 417-ի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 320-ով կամ 4,7%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 320 763 դրամ (մոտ 874 ԱՄՆ դոլար)։ 2025-ի հուլիսի համեմատ այն աճել է 5,3%-ով, հունիսի համեմատ՝ 3,9%-ով։
Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 284 963 դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 8,1%-ով։ Հունիսի համեմատ պետական հատվածի աշխատավարձն աճել է 14%-ով։
Ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 333 834 դրամ (+4,3%)։ Հունիսի համեմատ աճը կազմել է 1%։
2026-ին ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է մարտին՝ 329 167 դրամ։ Մարտը նաև միակ ամիսն է, երբ աշխատավարձը տարեկան կտրվածքով նվազել է՝ 1,2%-ով։
Ցուցանիշը հաշվարկվում է Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառման տվյալների հիման վրա։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 13,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,0%-ի դիմաց։ Գործազուրկների թիվը կրճատվել է 7,2 հազարով՝ 188,2-ից 181,0 հազար մարդ։
Սակայն զբաղվածների թիվը ոչ թե աճել, այլ նույնպես նվազել է՝ 1 159,4-ից 1 137,7 հազար, այսինքն՝ 21,7 հազարով։ Միաժամանակ աշխատուժից դուրս գտնվող բնակչությունն աճել է 60,1 հազարով՝ 966,9 հազարից 1 մլն 27,0 հազար մարդ։
Հարաբերական ցուցանիշները նույնն են ցույց տալիս՝ աշխատուժի մասնակցության մակարդակը իջել է 58,2%-ից 56,2%, զբաղվածությունը՝ 50,1%-ից 48,5%, իսկ աշխատուժից դուրս բնակչության տեսակարար կշիռն աճել է 41,8%-ից 43,8%։



