Macro

Հայ-հունգարական նոր գործարար խորհուրդը կօգնի մտնել ԵՄ շուկա. հունգարացի գնորդները Հայաստանից տարեկան 450–500 տոննա ձուկ են ակնկալում

«Հայ-հունգարական գործարար խորհուրդը» պաշտոնապես բացվել է Երևանում և կօգնի հայկական ընկերություններին Հունգարիայի միջոցով մտնել Եվրոպական միության շուկա։ Այս մասին «Արմենպրես» գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում հայտնել են խորհրդի նախագահ, Հայաստանում Հունգարիայի նախկին դեսպան Աննա Մարիա Շիկոն, խորհրդի գործադիր տնօրեն Անահիտ Սիմոնյանը և «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանը։

«Համաձայն վերջերս Եվրամիության կողմից ընդունված կարգավորումների՝ հայկական ապրանքների համար բաց են դռները, և մենք պատրաստ ենք այդ գործում աջակցել»,- նշել է Սիմոնյանը։

ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնությունները հայկական ապրանքների համար ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ից և կգործեն երկու տարի։ Եվրոպական հանձնաժողովի հաղորդմամբ՝ դրանք ազատականացնում են Հայաստանից ԵՄ արտահանման գրեթե 80%-ը, այդ թվում Ռուսաստանի սահմանափակումներից տուժած թարմ մրգերի, բանջարեղենի և ծաղիկների գրեթե ողջ արտահանումը (մանրամասները)։

Սիմոնյանի խոսքով՝ խորհուրդը ստեղծվել է մեկ շաբաթ առաջ և հարթակ կլինի հայ գործարարների հանդիպումների, գործարար բանակցությունների և B2B ձևաչափի հանդիպումների համար։ «Շատ հուսով ենք, որ հայ գործարարը իր ստեղծագործական մտքով կկարողանա հունգարական, և ոչ միայն հունգարական շուկա, այլև Հունգարիայի միջոցով նաև եվրոպական շուկա իր գործարար ճանապարհը հարթել»,- հավելել է նա։

Մանուկյանը պատմել է, որ այս տարի IBRS Council-ը Հունգարիայում բիզնես այց է կազմակերպել, որը մեծ պահանջարկ է վայելել, և դրանից հետո որոշվել է ստեղծել կառույց, որը կխթանի հայ արտադրողներին արտահանման, ներմուծման և ներդրումների ոլորտում։ Ըստ նրա՝ հնարավորություններ կան սննդարդյունաբերությունում, ագրոոլորտում, այլ արտադրական ոլորտներում և ծառայություններում։ Ընկերությունները Հունգարիայում խորհրդի ներկայացուցիչներից կարող են խորհրդատվություն ստանալ, թե ինչպես արտահանել և ինչպես Հունգարիայում բացել իրավաբանական անձ։

Մանուկյանի խոսքով՝ վերջին ամիսներին Շիկոյի նախաձեռնությամբ Հայաստան է եկել ձկնամթերքով հետաքրքրված պատվիրակություն, որի պահանջը տարեկան մոտ 450–500 տոննա ձկան արտահանումն էր Հունգարիա։ Գնորդները ոչ ստանդարտ տեսակի ձուկ են ուզել՝ 250 գրամանոց իշխան, սակայն հայկական շուկայում կա՛մ նման արտադրություն չկա, կա՛մ ծայրահեղ բարձր գին է առաջարկվում, մինչդեռ հունգարացի գնորդը հարևան երկրից նույն ձուկը շատ ավելի մատչելի գնով է ներմուծում։ «Մենք պետք է փոքր քայլերով, բայց վստահ գնանք առաջ և պետք է մի փոքր գնանք ընդառաջ նաև գնորդին, տալ նրա պատվերը, իրականացնել, ամրապնդել մեզ այդ շուկայում, հետո նոր թելադրել մեր պայմանները։ Այլ պարագայում մենք ուղղակի դուրս ենք մղվում պահանջարկից և չենք կարողանում համագործակցել, որովհետև մեր տեղը գրավում է մեկ այլ երկիր»,- ընդգծել է Մանուկյանը։

Շիկոն նշել է, որ Հունգարիան ԵՄ անդամակցության ճանապարհին բարձրացրել է իր ապրանքների ստանդարտներն ու որակը և պատրաստ է այդ փորձը կիսել։ «Մենք ձեզ կարող ենք խորհուրդ տալ՝ ինչ անել, ինչպես անել, ինչպես չանել, որովհետև ԵՄ-ն շատ մեծ շուկա է»,- հավելել է նա։ Շիկոյի խոսքով՝ շուկան դատարկ չէ, այն լցված է այլ երկրների ապրանքներով, և հայկական ապրանքները պետք է մրցունակ լինեն։

Ըստ բանախոսների՝ հունգարական շուկայում մեծ հետաքրքրություն կա հայկական դեղագործական արտադրանքի, ձկնամթերքի և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Մանուկյանն այդ շարքում հիշատակել է նաև տեքստիլ արդյունաբերությունը, ձեռագործությունը, արծաթագործությունը և ծաղիկների արտահանումը։ Շիկոյի կարծիքով՝ Հայաստանում կարող են հետաքրքրել հունգարական սալյամին ու երշիկեղենը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարական ծառայությունները։

Ընկերություններն արդեն կարող են դիմել խորհրդին և անդամակցել դրան, տեղեկացրել է Մանուկյանը։ Դեկտեմբերին նախատեսված է բիզնես այց Հունգարիա, որի ընթացքում հայ գործարարները կարող են մասնակցել համաժողովի և ծանոթանալ հունգարական շուկաներին։ IBRS Council-ը միացել է կառույցին նաև տնտեսվարողներին համաֆինանսավորելու նպատակով և պատրաստ է անցկացնել դասընթացներ, աջակցել Եվրոպա արտահանման, լիցենզավորման և փաստաթղթավորման հարցերում, բիզնեսներին անվճար խորհրդատվություն տրամադրել։ Մանուկյանի գնահատմամբ՝ սա հնարավորություն է փոքր և միջին բիզնեսների համար՝ միավորվելու և «մեկ բրենդի և մեկ ապրանքանիշի տակ կարողանալ միասնական արտահանում ունենալ»։ «Եթե, օրինակ, Հունգարիա է արտահանվում, դա միայն հունգարական շուկա չէ, դա նշանակում է ԵՄ շուկա մեկ հասցեով»,- բացատրել է նա։

Ասուլիսում հիշատակվել են նաև երկու երկրների այլ կապերը։ Wizz Air ավիաընկերության ուղիղ չվերթների բացումից հետո աճել է զբոսաշրջիկների երկկողմ հոսքը։ Բուդապեշտի Պետեր Պազմանի համալսարանում մեկ շաբաթ առաջ նշվել է հայագիտական ամբիոնի 10-ամյակը։ 2022-ին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո անցյալ տարի Երևանում բացվել է Հունգարիայի դեսպանատունը, ստեղծվել է միջկառավարական տնտեսական հանձնաժողով։

Շիկոն 15 տարի աշխատել է դիվանագիտական ոլորտում և 2026-ի հուլիսին կենսաթոշակի է անցել։ Նա հայկական ծագում ունի. նրա նախնիները Տրանսիլվանիայի Արմենոպոլիս (Հայաքաղաք) քաղաքից են։ «Ես շատ հուսով եմ, որ շուտով մենք Հայաստանում կունենանք հունգարական ռեստորան և Բուդապեշտում՝ հայկական ռեստորան»,- ասուլիսի ավարտին նշել է Շիկոն։

Թվեր և համատեքստ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանից Հունգարիա արտահանումը կազմել է 436 հազ. ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 76%-ով։ Հունգարիայից ներմուծումն ավելացել է 1,3%-ով՝ մինչև 23,2 մլն դոլար, և 53 անգամ գերազանցել է արտահանմանը։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 22,8 մլն դոլար։

2025-ին Հայաստանից Հունգարիա արտահանումը 2024-ի համեմատ նվազել է 62,1%-ով՝ 1 մլն 10,3 հազ. դոլարից մինչև 383,4 հազ. դոլար, իսկ ներմուծումն աճել է 29,1%-ով՝ մինչև 43,8 մլն դոլար։ Ներմուծման մեջ առաջատար էին տեքստիլ նյութերից վաթան և դրանից իրերը (11 մլն դոլար), դեղորայքը (9,7 մլն դոլար), գրասենյակային սարքավորումները (5,4 մլն դոլար) և հեռախոսային ապարատները (3,9 մլն դոլար)։ 2026-ի առաջին կիսամյակում առաջին տեղ է դուրս եկել դեղորայքը՝ 5,4 մլն դոլար։ 2025-ին Հունգարիա արտահանման հիմքը դաբաղված մորթիներն էին (160,5 հազ. դոլար) և քարից իրերը (110,6 հազ. դոլար)։

Լուսանկարը՝ «Արմենպրես», Հայկ Մանուկյան

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}