Նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներում հողը 3 տարին մեկ պետք է հետազոտվի. նախագիծ

Նիտրատների նկատմամբ զգայուն գոտիներում հողօգտագործողները 3 տարին մեկ անգամ սեփական միջոցների հաշվին պետք է հողի ագրոքիմիական հետազոտություն անցկացնեն և վարեն ագրոքիմիկատների կիրառման գրանցամատյան։ Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը, որը հանրային քննարկման է դրված մինչև հոկտեմբերի 30-ը, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո։
Հետազոտությունը պետք է կատարվի գյուղատնտեսական աշխատանքներ սկսելուց առաջ՝ համապատասխանության գնահատման ազգային մարմնի ռեեստրում ընդգրկված լաբորատորիայում։ Այն պետք է ցույց տա հողում մատչելի ազոտի (N), ֆոսֆորի (P) և կալիումի (K) պարունակությունը։ Հետազոտության արժեքի մասին նախագծում և ուղեկցող փաստաթղթերում չի նշվում։ Գրանցամատյանում նշվում են հողամասի մակերեսն ու կադաստրային համարը, կիրառված պարարտանյութը, դրա չափաքանակն ու ազոտի պարունակությունը, ինչպես նաև հող ներմուծված ազոտի քանակը՝ կգ/հա։
Նախագիծն արգելում է նիտրատներ պարունակող ագրոքիմիկատների կիրառումը ձնածածկ, սառած, ջրածածկ կամ ճահճացած հողերում, ինչպես նաև հեղեղման կամ գետ, լիճ և այլ ջրային ռեսուրս ներթափանցման վտանգի դեպքում։ Լանջերին պարարտանյութերը թույլատրվում է կիրառել միայն լայնակի մշակման կամ խիտ բուսածածկույթի առկայության դեպքում։ Հողօգտագործողները պետք է իրականացնեն ցանքաշրջանառություն կամ ցանքի պարզ հերթագայում, իսկ ոռոգումը՝ ըստ հողի խոնավության և մշակաբույսի ջրապահանջի։
Ջրային օբյեկտների աղտոտման ակտիվ գոտում անասնագոմերն ու ֆերմաները կարող են գործել միայն գոմաղբի, գոմաղբահեղուկի և թռչնաղբի փակ, արտահոսքից պաշտպանված հորերի առկայության դեպքում։
2027–2030 թվականներին նախատեսված է 3 ծրագիր՝ տնտեսավարողների իրազեկում և խորհրդատվություն, ագրոքիմիկատների հաշվառում և ոռոգման արդյունավետ կառավարում։ Դրանք կիրականացնեն մարզպետարանների մասնագետները, Էկոնոմիկայի նախարարությունը, հասարակական կազմակերպությունները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Ըստ հիմնավորման՝ ծրագրերի համար ֆինանսավորում չի պահանջվում, պետբյուջեի ծախսերը չեն ավելանում։ Ծրագրերը համակարգող աշխատանքային խումբը կստեղծվի հրամանի հրապարակումից հետո 1 ամսվա ընթացքում։
Նախագիծը մշակվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով՝ ԵՄ խորհրդի 1991-ի 91/676/ԵՏՀ հրահանգի 4-րդ և 5-րդ հոդվածներին մոտարկելու համար։ Մշակողներն ուսումնասիրել են Մոլդովայի և Ֆրանսիայի փորձը։ Նիտրատներով խոցելի տարածքները սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններով, իսկ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» նիտրատների պարունակությունը դիտարկում է մակերևութային ջրերի 151 և ստորերկրյա ջրերի 55 դիտակետում։



