IntensiveAgro

Սիրիահայ գյուղատնտեսն առաջարկում է Հայաստանում ներդնել վերականգնողական գյուղատնտեսության չափանիշներ

«Safe Agro» ընկերությունը հանես է գալիս Հայաստանում վերականգնողական գյուղատնտեսության կողմնակիցների Armenian Regenerative Network ստեղծելու նախաձեռնությամբ։ Այն համապատասխան կանոններով պարարտանյութ և հավի միս է արտադրում Սիրիայում ու ծրագրում է նույն արտադրությունը սկսել Հայաստանում։ Այս մասին BusinessDaily-ին հայտնեց ընկերության հիմնադիր Նարեկ Գարեգինյանը՝ Երևանում ավարտված AGRO EXPO-ի շրջանակում։ Վերականգնողական գյուղատնտեսությունը հողի բերրիության վերականգնմանն ուղղված մեթոդների համակարգ է, որը նաև սերտիֆիկացվում է։

«Տեսանք, որ Հայաստանում այդ թեման չկա, չի քննարկվում, պետք է, որ միություն լինի, որ մեր նման ուրիշ հետաքրքրված մարդիկ էլ, որ հավատում են այս հնարավորությանը, այս մեթոդներին, միասին լինենք, որպեսզի կարողանանք միասին ավելի մեծ ազդեցություն ունենալ և իրար հետ համագործակցենք»,- նշեց Գարեգինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ընկերության ռազմավարությունը կառուցված է վերականգնողական գյուղատնտեսության սերտիֆիկացման վրա։ «Քանի որ չկա այդ ձևի միություն, ուզեցինք մենք լինենք առաջին քայլն անողը»,- հավելեց նա։

Գարեգինյանի խոսքով՝ միջազգային սերտիֆիկացումները հիմնականում ներառում են վեց պահանջ։ Յուրաքանչյուր հողակտոր ուսումնասիրվում է առանձին, հողը վարը կատարվում է նվազագույն չափով, որպեսզի հասցնի վերականգնվել, միաժամանակ ցանվում են տարբեր մշակաբույսեր, պահպանվում է հողի ծածկույթը, հողն օգտագործվում է անասնապահության հետ ինտեգրված, իսկ տնտեսությունը չպետք է վատ ազդեցություն ունենա աշխատողների և սոցիալական միջավայրի վրա։

Նախաձեռնությունը կապված է նաև ընկերության առևտրային շահի հետ։ «Մենք ուզում ենք, որ շուկան ավելի բարենպաստ լինի մեր արտադրանքի համար։ Այսինքն՝ այդ պարարտանյութը կվաճառվի այն մարդկանց, ովքեր ուզում են սերտիֆիկացում վերականգնողական գյուղատնտեսությունում»,- տեղեկացրեց Գարեգինյանը։ Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում նման սերտիֆիկացում դեռ չկա, ընկերությունը ցանկանում է թեման բարձրացնել, որպեսզի ֆերմերների մի խումբ այն առաջ տանի, և արագացնել գործընթացը՝ լուսաբանելով տեղի շուկայում։ Գարեգինյանի գնահատմամբ՝ շուկան կա, և 200-ից ավելի օտարերկրյա ընկերություններ ուշ թե շուտ այդ ճանապարհով են գնալու։ «Հիմա ուզում ենք Հայաստանում էլ այդ նույն աշխատանքն անենք»,- ընդգծեց նա։

Ընկերությունը մեթոդները փորձարկում է 10 հեկտար տարածքի վրա։ Գարեգինյանի խոսքով՝ այնտեղ խոտը չեն հնձում և տրակտոր չեն օգտագործում. դրա փոխարեն շարժական բներում պահվող հավերն ու հնդկահավերը փխրեցնում և պարարտացնում են հողը, հողը ծածկվում է ցանքածածկով (mulch), իսկ քիմիական նյութեր և պարարտանյութ չեն կիրառվում։ Ընկերությունը Հայաստանում մինչ այժմ փորձարկել է 70 մեթոդ, որոնց մեծ մասն աշխատում է տեղի կլիմայում, իսկ արդյունքներն ավելի հստակ երևում են երկրորդ տարվանից։ Կիրառվում է նաև բույսերի բազմազանությունը. օրինակ՝ ելակի ցանքերի շուրջը նարդոս է ցանված, որը գրավում է ելակի համար օգտակար միջատներին, իսկ վնասակարները ելակի փոխարեն նրա մոտ են գնում։ Այն հարցին, թե որքան է 10 հեկտարից ստացվող եկամտի տարբերությունն այս մեթոդներով և առանց դրանց, Գարեգինյանը պատասխանեց. «Մոտավորապես 30%»։ Հաշվարկի մեթոդիկան նա չներկայացրեց։ Նրա գնահատմամբ՝ եթե շուկան տեղեկացված լիներ նման արտադրանքի որակի մասին, այն շատ ավելի թանկ կլիներ։ Ինչպես պարզաբանեց Գարեգինյանը, վերականգնողական գյուղատնտեսության սերտիֆիկատը չի պարտադրում ամբողջովին հրաժարվել թունաքիմիկատներից։ Ըստ նրա՝ կարևորն այն է, որ դրանք ամեն տարի նախորդ տարվանից ավելի քիչ օգտագործվեն։

Լուսանկարը՝ Armenian Regenerative Network-ի Facebook էջից

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}