Industry

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 9 ամսում աճել է 1,3%-ով, սեպտեմբերին՝ 26,6%-ով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2026-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 մլն 757,3 հազ.՝ 1,3%-ով ավելի, քան 2025-ի նույն ժամանակահատվածում (1 մլն 734,2 հազ.)։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ այցելությունների 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 14%-ը՝ Վրաստանին, 8%-ը՝ Իրանին։

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազ. զբոսաշրջիկ՝ 26,6%-ով ավելի, քան 2025-ի սեպտեմբերին (229,1 հազ.)։ Սա 2019-ից ի վեր սեպտեմբեր ամսվա ամենաբարձր ցուցանիշն է (նախորդ առավելագույնը՝ 260,6 հազ., 2023-ին), և այն գերազանցել է նաև այս տարվա օգոստոսի ցուցանիշը (227 հազ.)։ Հուլիսին և օգոստոսին այցելությունները նախորդ տարվա համեմատ նվազել էին համապատասխանաբար 24,6%-ով և 32,1%-ով։

Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ըստ ամիսների, 2025 և 2026

Ինը ամսվա արդյունքով 2026-ը 2019-ից ի վեր երկրորդն է՝ 2023-ից հետո (1 մլն 850 հազ.), որին զիջում է 5%-ով։ Ամբողջ տարվա կտրվածքով Հայաստան այցելել է 2023-ին 2,33 մլն, 2024-ին՝ 2,21 մլն, 2025-ին՝ 2,26 մլն զբոսաշրջիկ։

Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ըստ տարիների, 2019-2026

Ռուսաստանից գրանցվել է 704,9 հազ. այց, Վրաստանից՝ 241 հազ., Իրանից՝ 146,3 հազ.։ Հաջորդ տեղերում են Չինաստանը (38,5 հազ.), ԱՄՆ-ը (37,9 հազ.), Գերմանիան (29,6 հազ.), Ուկրաինան (24,3 հազ.), Ֆրանսիան (23,9 հազ.), Իտալիան (19,1 հազ.) և Բելառուսը (12,4 հազ.)։ Մյուս երկրներին բաժին է ընկնում այցելությունների 27,26%-ը։

Զբոսաշրջիկների 59%-ը Հայաստան է մուտք գործել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով (2025-ին՝ 60%)։ Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշենի և Բավրայի անցման կետերին բաժին է ընկել 21% (2025-ին՝ 20%) և 10,24% (10%), Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրիին՝ 6,4% (5%)։ Գյումրու օդանավակայանով և Գոգավանի անցման կետով (Վրաստանի սահման) անցել է այցելությունների 2-ական տոկոսը, Այրումի երկաթուղային անցման կետով՝ 1%-ը։

Տարիքային կտրվածքով ամենամեծ խումբը 35–44 տարեկաններն են՝ 24% (2025-ին՝ 26%)։ 25–34 տարեկաններին բաժին է ընկնում 18% (18%), 45–54 տարեկաններին՝ 18% (17%), 55–64 տարեկաններին՝ 13% (12%), 65 և ավելի տարեկաններին՝ 8% (6%)։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}