IndustryIntensiveAgro

Հայկական «Ակցենտ» թունդ ըմպելիքի արտադրողը բանակցում է Եվրոպա և Միջին Ասիա արտահանման շուրջ

Հայաստանում նոր «Ակցենտ» թունդ ըմպելիքն արտադրող «Ալկոսֆեր» ՍՊԸ-ն բանակցում է Եվրոպա և Միջին Ասիա արտահանման շուրջ. Բուլղարիայում ընկերությունն արդեն գործընկեր ունի։ Ներկայում արտադրական հզորությունը տարեկան 3–3,5 հազ. շիշ է։ Այս մասին BusinessDaily-ին հայտնեց «Ալկոսֆեր» ՍՊԸ-ի հիմնադիր Ռուբեն Թոփալյանը։

Բուլղարացի գործընկերոջ հետ, Թոփալյանի խոսքով, պայմանները դեռ համաձայնեցվում են։ «Հիմա պրոցեսի մեջ է՝ հարաբերությունների ճշտումներ, գնային որոշումներ»,- պարզաբանեց նա։ Ըմպելիքն ունի Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության սերտիֆիկատներ։

«Ակցենտ»-ի արտադրող «Ալկոսֆեր»-ը հիմնադրվել է 2022-ին, սակայն երկար ժամանակ ընթանում էին արտադրամասի շինարարությունը և փորձարկումները։ Բուն արտադրությունը սկսվել է 2025-ի վերջին։ Ըմպելիքի թնդությունը 40 աստիճան է՝ բազմակի թորման խնձորի սպիրտ՝ կիտրոնով, կոճապղպեղով և մեղրով։ Թոփալյանի խոսքով՝ այն պատրաստվում է նոր տեխնոլոգիայով, որը դեռ պատենտավորված չէ, և գրանցման գործընթացն ընթացքի մեջ է։ Ներկայում արտադրվում է «Ակցենտ 1»-ը, իսկ հետագայում ընկերությունը ծրագրում է տարբեր բաղադրիչներով տարբերակներ՝ մինչև «Ակցենտ 7»։

«Տարեկան կարող ենք արտադրել 3000-ից 3500 շիշ։ Ոչ ավել այս պահին»,- նշեց Թոփալյանը։ Նրա խոսքով՝ շշի պարունակությունն ամբողջությամբ ձեռքով է պատրաստվում։ Ըմպելիքը վաճառվում է թունդ խմիչքների մասնագիտացված խանութներում, HoReCa-ում (հյուրանոց, ռեստորան, սրճարան), ընկերությունը մտադիր է մտնել նաև սուպերմարկետներ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}