Մեկնարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը. տարեկան կարդյունահանվի շուրջ 210 հազար ունցիա ոսկի

Մեկնարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ծրագրում ներդրել է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210 000 ունցիա ոսկի։

Լուսանկարը չի բեռնվել։ Փորձեք հաջորդը։
Լուսանկարները դիտելու համար բացեք սկզբնաղբյուրը։
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությանը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։ Նախքան արարողությունը վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ մասնագիտական հաշվարկներով «Լիդիան Արմենիայի» կողմից պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի ՀՆԱ-ի վրա դրական ազդեցությունը՝ 1,5–2%։ Ընկերության կայքում նշված է և՛ 130 մլն, և՛ 100–120 մլն դոլար։ Ըստ կառավարության՝ ծրագրի արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4 000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ, ընկերության կայքում նշված է ավելի քան 1 000 աշխատատեղ։ 750 մլն դոլար ներդրումից 150 մլն դոլարը ներգրավվել է ՀՀ կառավարության տրամադրած պետական երաշխիքի հիման վրա։
Կառավարությունը նախագծում ունի 12,5% բաժնեմաս։ Կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև 2026-ի օգոստոսին կնքված Համայնքների զարգացման համաձայնագրով հանքավայրի շահագործման ողջ ընթացքում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին տարեկան կուղղվի 7–9 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության կայքում տարեկան սոցիալական ներդրումները նշված են 7 մլն դոլար, բացի այդ՝ համայնքներին տարեկան վճարվում է 1 մլն դոլար հողի վարձավճար։
«Լիդիան Արմենիայի» կայքի տվյալներով՝ Ամուլսարը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին հանքավայրն է. այն հայտնաբերվել է շուրջ տասը տարվա երկրաբանական հետախուզությունից հետո։ Հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ ծովի մակերևույթից 2 500–2 988 մ բարձրության վրա։ Հաստատված պաշարները կազմում են 89,4 մլն տոննա հանքաքար և 73 733 կգ ոսկի (0,78 գ/տ)։ Հանքավայրը կշահագործվի Տիգրան-Արտավազդ և Էրատո բացահանքերով՝ տարեկան մինչև 10 մլն տոննա հանքաքարի արդյունահանմամբ։
Հայաստանում առաջին անգամ ոսկին կկորզվի կույտային տարրալուծման եղանակով՝ փակ, շրջանառու համակարգում, առանց պոչամբարի։ Ընկերության տվյալներով՝ հանքավայրի հիդրոերկրաբանությունը կապ չունի Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի հետ, որից այն բաժանված է Կեչուտ-Զիրակ խզվածքով։ «Լիդիան Արմենիան» հիմնադրվել է 2005-ին։
Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման մեկնարկը որակել է հաջողության պատմություն և կարևորել, որ արարողությունն անցկացվում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների. «Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այս հարցին պատասխանելը, որովհետև բոլորդ գիտեք, որ Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել: Մենք նաև այդ անցած ճանապարհը պետք է վերլուծենք՝ հետագայում ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար»:
«Եկեք ի վերջո արձանագրենք՝ այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, Հայաստանի Հանրապետությանն է պատկանում և Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է: […] Այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով բնապահպանական հարցերին՝ Փաշինյանը նշել է, որ տասնյակ խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում բոլոր հարցերին տրվել են պատասխաններ. «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն»։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ տնտեսությունը վերջին հինգ տարիներին տարեկան միջինում աճել է 7,9%-ով, իսկ 2018-ից ի վեր ՀՆԱ-ն 2025-ի արդյունքներով աճել է 53%-ով։ «Մեր խնդիրն է լինելու առաջիկայում՝ ինչպես անել, որ ծրագիրը լոկոմոտիվի նշանակում ունենա և հանքարդյունաբերական մյուս ընկերություններում և մյուս ծրագրերում էլ մենք կարողանանք հասնել այսպիսի ստանդարտների»,- ասել է նա։
Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի կայքի



