RegulationIndustry

Ընդհանուր մինչև 1000 գծամետր խորությամբ որոնողական աշխատանքները կազատվեն ՇՄԱԳ-ից և փորձաքննությունից. նախագիծ

Մետաղական օգտակար հանածոների որոնողական աշխատանքները սահմանված ծավալներում, ինչպես նաև առանց դաշտային աշխատանքների պաշարների վերագնահատումը այլևս չեն ենթարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և պետական փորձաքննության։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման է դրված մինչև հոկտեմբերի 30-ը։

Ըստ հիմնավորման՝ որոնողական աշխատանքների ծրագրով չեն կարող նախատեսվել ընդհանուր 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներ կամ ընդհանուր 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքեր։ Ավելի մեծ ծավալի աշխատանքները, ինչպես նաև արտահաշվեկշռային պաշարները հաշվեկշռայինին վերագրելու ուսումնասիրությունները կիրականացվեն արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության կարգով։ Որոնողական աշխատանքները ներառում են հնարավոր հանքայնացման հայտնաբերումն ու կանխատեսումային ռեսուրսների գնահատումը, բայց ոչ պաշարների գնահատումը կամ վերագնահատումը։

Արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունները կշարունակեն անցնել ՇՄԱԳ և պետական փորձաքննություն, սակայն «Ա»-ի փոխարեն «Բ» կատեգորիայով։ Առկա նյութերի հիման վրա պաշարների վերագնահատման դեպքում այժմ փաստաթղթերը ներկայացվում են լիազոր մարմին, որը փաստում է, որ փորձաքննություն չի պահանջվում։ Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը վերացնում է այդ ավելորդ ընթացակարգը։ Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի երկրաբանական ուսումնասիրությունը կարգելվի։

Համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չի լինի փորձաքննության փաթեթի ընդունումը մերժելու, գործընթացը չսկսելու կամ դադարեցնելու հիմք։ Նախաձեռնողը կկարողանա փաստաթղթերը ներկայացնել փորձաքննության, իսկ լիազոր մարմինը կգնահատի ավագանու որոշման հիմնավորումները, հանրային լսման արդյունքներն ու հանրության առաջարկությունները։ Հիմքերը հիմնավոր համարելու դեպքում կտրվի բացասական եզրակացություն։ Եթե ռիսկերը հնարավոր է կանխել կամ նվազեցնել, կարող է տրվել դրական եզրակացություն՝ ավագանու առարկությունների պատճառաբանված գնահատականով։

Հանքագործությանը բաժին է ընկնում Հայաստանի արդյունաբերության 23,6%-ը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին հանքագործական արդյունաբերության ծավալը կազմել է 489,7 մլրդ դրամ (մոտ 1,31 մլրդ ԱՄՆ դոլար)՝ 24,3%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Դրանից 468,8 մլրդ դրամը բաժին է ընկել մետաղական հանքաքարի արդյունահանմանը։

Ըստ հիմնավորման՝ պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը չեն փոխվի։ Օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, իսկ ենթաօրենսդրական ակտը կընդունվի դրանից հետո 3 ամսում։ Մինչ այդ ներկայացված և չավարտված դիմումների նկատմամբ կկիրառվեն դիմելու պահին գործող կանոնները։ Նախագծերը կապված են կառավարության 2023-ի մայիսի 11-ի որոշմամբ հաստատված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության հետ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}