«Ռուսական երկաթուղիները» կգործարկեն ՀՀ և Վրաստանի միջև առաջին երկաթուղային կրուիզը ՀԿԵ-ի կոնցեսիայի շուրջ վեճերի ֆոնին

Հայաստանի և Վրաստանի միջև առաջին միջազգային երկաթուղային կրուիզը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին։ «Կովկասի երկու սիրտ» եռօրյա երթուղին կանցնի Երևանի և Թբիլիսիի միջև։
Ճամփորդությունը կսկսվի Երևանում, որտեղ մասնակիցները պետք է հասնեն ինքնուրույն։ Ուղևորները կգիշերեն գնացքում, իսկ ցերեկային ծրագիրը նախատեսում է էքսկուրսիաներ երկու երկրների քաղաքներով և տեսարժան վայրերով։
Առաջին օրը զբոսաշրջիկները կծանոթանան Երևանին։ Հաջորդ օրը գնացքը կժամանի Թբիլիսի, որտեղից մասնակիցները կմեկնեն այլ վայրեր, այդ թվում՝ Մցխեթա։ Վերջին օրը ծրագիրը կշարունակվի Հայաստանում և կներառի այցելություն Գառնի և Գեղարդի վանական համալիր։
Եռօրյա ճամփորդության արժեքը սկսվում է մեկ անձի համար 63 հազար ռուբլուց (մոտ 750 ԱՄՆ դոլար)։
Կրուիզը մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիայի շուրջ վեճերի ֆոնին։ «Ռուսական երկաթուղիների» այս դուստր ընկերությունը 2008 թվականից 30-ամյա պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոնցեսիան խոչընդոտում է հայկական երկաթուղու ինտեգրմանը միջազգային տրանսպորտային երթուղիներին։ Միաժամանակ, նրա խոսքով, Երևանը մտադիր չէ միակողմանիորեն լուծել պայմանագիրը և ցանկանում է հարցը կարգավորել «բարեկամաբար»։



