Հայաստանն արձանագրել է գյուղմթերքի առավելագույն էժանացումը ԵԱՏՄ-ում

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների գները 2026-ի օգոստոսին 2025-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 22,3%-ով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների շարքում ամենաշատը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ բուսաբուծության արտադրանքը դեկտեմբերից էժանացել է 28,9%-ով, անասնաբուծության արտադրանքը՝ 2,2%-ով։ Ամբողջ ԵԱՏՄ-ում գյուղմթերքի արտադրողների գները նվազել են 2,3%-ով։
Հուլիսի համեմատ Հայաստանում գները նվազել են 5,2%-ով (բուսաբուծություն՝ 6,1%, անասնաբուծություն՝ 3,1%), 2025-ի օգոստոսի համեմատ՝ 1,5%-ով։ 2026-ի հունվար-օգոստոսին գները 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 3,6%-ով բարձր են եղել։
Դեկտեմբերի համեմատ գները նվազել են նաև Բելառուսում (3,6%-ով) և Ռուսաստանում (2,7%-ով), իսկ Ղրղզստանում և Ղազախստանում աճել են համապատասխանաբար 4,1%-ով և 2,3%-ով։
Օգոստոսին Հայաստանում ցորենի միջին գինն արտադրողից կազմել է տոննան 110 191 դրամ (301 ԱՄՆ դոլար)՝ ԵԱՏՄ-ում ամենաբարձրը։ Ամենաթանկը Հայաստանում են եղել նաև գարին (321 դոլար), գազարը (488 դոլար) և ձուն (հազար հատը՝ 74 819 դրամ կամ 205 դոլար, Ռուսաստանում և Բելառուսում՝ 70 դոլար)։ Լոլիկը, ընդհակառակը, Հայաստանում ամենաէժանն է եղել՝ տոննան 105 363 դրամ (288 դոլար), Ռուսաստանում՝ 1 500 դոլար։ Հում կովի կաթի տոննան արժեցել է 171 223 դրամ (468 դոլար)՝ Ղազախստանից (518 դոլար) հետո երկրորդ ցուցանիշը։
Մսի տոննայի միջին գինը սպանդային քաշով կազմել է՝ տավարի միսը՝ 9 384 դոլար, ոչխարի միսը՝ 9 526 դոլար, խոզի միսը՝ 7 548 դոլար, թռչնամիսը՝ 8 862 դոլար։
Տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել։
Գների անկումը համընկել է հայկական գյուղմթերքի ներմուծման ռուսական սահմանափակումների հետ։ Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչու և ելակի ներմուծումը, իսկ հունիսի 12-ից՝ ողջ կարանտինային արտադրանքի։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, որոնք ներկայացված են BusinessDaily-ի «Հայաստանը թվերով» բաժնում, 2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 9,1%-ով՝ մինչև 1,65 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի ընդհանուր արտահանումը՝ 35,2%-ով՝ մինչև 134,9 մլն դոլար։ Արտահանման կրճատման հետևանքով ավելի շատ արտադրանք է մնացել ներքին շուկայում։ Օգոստոսին հուլիսի համեմատ արտադրողների կողմից բուսաբուծական արտադրանքի իրացման գները նվազել են 6,1%-ով, իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների սպառողական գները՝ 1,0%-ով։



