Industry

Հայաստանն ու Ադրբեջանը Գորիսում քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին Գորիսում տեխնիկական հանդիպում են ունեցել՝ նվիրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության՝ կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր և մտքեր են փոխանակել այս ուղղությամբ իրենց տեսակետների շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կառույցների միջև համակարգմանը և աշխատանքների առաջմղման հետագա քայլերին։

Հոկտեմբերի 5-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել էր Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության (TEİAŞ) խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման աշխատանքները։ Կողմերն ընդգծել են երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային համագործակցության համար։ Պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ղեկավարների հետ։

Տարածաշրջանային ինտեգրման հարցը քննարկվել էր նաև սեպտեմբերի 24-ին Թբիլիսիում՝ Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի (GNERC) և Ադրբեջանի (AERA) կարգավորողների ղեկավարներ Դավիթ Նարմանիան և Սամիր Ախոնդովը։ Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի ինտեգրման և դրանք Թուրքիայի էներգահամակարգին միացնելու հնարավոր քայլերը։ Մեսրոպյանը կարևորել է նաև կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման աջակցությունը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}