IntensiveAgro

Երիտասարդ անասնաբույժներն ընտրում են ընտանի կենդանիների բուժումը. ասոցիացիան՝ գյուղում մասնագետների պակասի մասին

Հայաստանի գյուղոլորտում անասնաբույժների պակաս կա, իսկ անասնաբուժական ֆակուլտետ ընդունվողները հաճախ դառնում են շների ու կատուների բժիշկներ։ Այս մասին BusinessDaily-ին հայտնեց Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանը՝ Երևանում անցկացվող AGRO EXPO-ի շրջանակում։ Նրա մոտավոր գնահատմամբ՝ երկրի գյուղատնտեսությունում աշխատում է միջին օղակի շուրջ 470 անասնաբույժ։

«Անասնաբույժներն այսօր քիչ են երկրում, կարիք կա անասնաբույժի, ով աշխատում է գյուղոլորտում»,- նշեց Օհանյանը։

Գյուղոլորտում աշխատող մասնագետների թվի հարցում նա վերապահում արեց. «Եթե չեմ սխալվում, 470 միջին օղակի անասնաբույժներ կան Հայաստանում, որոնք ընդգրկված են գյուղոլորտում»։

Մասնագետների պակասը Օհանյանը կապում է մասնագիտության բարդության հետ։ «Այնպես է ստացվում, որ անասնաբուժությունը գայթակղիչ չէ, դժվար է։ Ով էլ մտնում է ֆակուլտետ, դառնում է շան, կատվի բժիշկ»,- ընդգծեց նա։

Ասոցիացիան ուսանողներին մասնագիտությանը ծանոթացնում է դեռ ուսման տարիներին։ «Ասենք՝ քոլեջի երկրորդ կուրսից այս երեխաներին բերում ենք, ասում ենք, որ սա աշխարհի ամենալավ մասնագիտություններից մեկն է»,- հայտնեց Օհանյանը։ Այն հարցին, թե ինչպես անել, որ ուսանողները գնան գյուղ, նա պատասխանեց. «Եթե ինձ եք հարց տալիս՝ ինչպե՞ս անենք, մենք արդեն անում ենք»։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կար 468,0 հազ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 679,5 հազ. ոչխար, 16,2 հազ. այծ, 168,8 հազ. խոզ և 4 մլն 817 հազ. ընտանի թռչուն։ Մեկ տարում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 1,6%-ով, խոզերինը՝ 7,4%-ով, իսկ թռչուններինն աճել է 3,0%-ով։ Գլխաքանակի փոփոխության պատճառները Օհանյանը չմեկնաբանեց՝ առաջարկելով այդ հարցով դիմել Էկոնոմիկայի նախարարություն։

Մասնագետների պատրաստման համար ասոցիացիան կիրառում է «ուսուցանողների ուսուցման» (Training of Trainers, TOT) մոդելը։ Օհանյանի խոսքով՝ անասնաբուժությունում տեսական գիտելիքներից բացի անհրաժեշտ են գործնական հմտություններ։ «Գիտելիք տարածելը մի բան է, փորձի փոխանակումը՝ մի բան։ Իսկ կոնկրետ անասնաբուժության մեջ, բացի տեսական գիտելիքներից, գործնական հմտություններ է պետք ցույց տալ՝ պրակտիկ»,- ընդգծեց նա։

Գործնական պարապմունքներն անցկացվում են տարին 2-3 անգամ։ «Հավաքվում ենք խմբով, ուսուցանում ենք այն մարդկանց, որոնք իրենց հերթին տեղերում ուսուցանում են իրենց գործընկերներին»,- հավելեց Օհանյանը։

Ասոցիացիայի հիմնադիրները 47-ն են, անդամները՝ 80-ից ավելի։ Այն անդամակցում է նաև Եվրոպական անասնաբույժների ֆեդերացիային (FVE), որտեղ գրանցված է 330 հազ. անասնաբույժ։ «Ռեգիոնում միակը մենք ենք՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։ 5 տարի հայցորդ լինելուց հետո դարձանք լիիրավ անդամ։ Կենտրոնը Բելգիայում է՝ Բրյուսելում»,- տեղեկացրեց Օհանյանը։

Գիտելիքների մշտական թարմացման կարիքի մասին խոսեց նաև անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծող «Ռեգուլուս Զօօ» ընկերության ներկայացուցիչ, անասնաբույժ Լևոն Եղոյանը։ «Աշխատանքը ահռելի է թե՛ գյուղացու՝ անհատ անասուններ պահողների, թե՛ ֆերմերների, թե՛ անասնաբույժների հետ, որովհետև գիտելիքների ամենօրյա թարմացման կարիք են զգում գյուղացիները, ֆերմերները, բժիշկները։ Եվ դա միայն ինձանով չէ, որ կսկսվի և կավարտվի։ Պետք է լինեն շատ մարդիկ, որպեսզի կարողանան այսօրվա նորարարությունները հասցնել բժշկին, անասնաբույժին»,- նշեց նա։

Արհեստական բանականությունը Օհանյանը դիտարկում է որպես անասնաբույժի օգնական։ Նրա խոսքով՝ շատերը մտահոգ են, որ արհեստական բանականության ներդրմամբ կզրկվեն աշխատանքից։ «Իսկ մեր մասնագիտության տեր մարդիկ՝ ընդհակառակը, որովհետև արհեստական բանականությունը չի կարող փոխարինել անասնաբույժին։ Կարող է օգնել։ Մենք ավելի կուժեղանանք»,- ընդգծեց նա։

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Արման Օհանյան, Լևոն Եղոյան

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}