Հայտնի են ԵԱՏՄ համաձայնագրերի գծով Հայաստան սերբական և վիետնամական ապրանքների ներմուծման 2027-ի քվոտաները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է կառավարության որոշումների երկու նախագիծ։ Դրանցով 2027 թվականին սակագնային քվոտաներ կսահմանվեն Սերբիայից և Վիետնամից ներմուծվող որոշ ապրանքների համար։
Սերբիայից ներմուծման համար Հայաստանին հատկացված ծավալներն են՝
- պանիրներ՝ 2 տոննա,
- թրմօղիներ՝ 5000 լիտր՝ սպիրտի հաշվարկով,
- ծխախոտ՝ 2 միլիոն հատ։
Վիետնամից քվոտան կկիրառվի երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) նկատմամբ։ 2027 թվականին լիցենզիայի առկայության դեպքում դրանք կարող են ներմուծվել 0% մաքսատուրքով՝ 250 տոննայից ոչ ավելի ծավալով։
Նախագծերը մշակվել են Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագրերի հիման վրա։ Սերբիայի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, Վիետնամի հետ՝ 2015 թվականի մայիսի 29-ին։ Հիմք են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշումները, որոնցով Հայաստանին հատկացվել են ներմուծման թույլատրելի ծավալները։
Հիմնավորման համաձայն՝ որոշումներն անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանին հատկացված ծավալներն ամբողջությամբ օգտագործվեն։ Քվոտաները արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև կբաշխվեն կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Ներմուծման լիցենզիաները կտրամադրի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու մարմինն է։
Նախագծերի նպատակն է ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը և բարելավել գործարար միջավայրը։
Առևտուրը Վիետնամի և Սերբիայի հետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի և Վիետնամի ապրանքաշրջանառությունը կազմել է 581,7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26,1%-ով։ Վիետնամից ներմուծումն աճել է 25,7%-ով՝ հասնելով 578,3 մլն դոլարի, իսկ արտահանումը 1,4 մլն դոլարից հասել է 3,4 մլն դոլարի։
Սերբիայի հետ ապրանքաշրջանառությունը 3,1 մլն դոլարից հասել է 8 մլն դոլարի։ Սերբիա արտահանումը 0,4 մլն դոլարից աճել է մինչև 3,5 մլն դոլար, ներմուծումն աճել է 66,8%-ով՝ կազմելով 4,5 մլն դոլար։
| մլն ԱՄՆ դոլար | 2025, I կիսամյակ | 2026, I կիսամյակ | Փոփոխություն |
|---|---|---|---|
| Վիետնամ | |||
| Արտահանում | 1,4 | 3,4 | 2,5 անգամ |
| Ներմուծում | 459,9 | 578,3 | +25,7% |
| Ապրանքաշրջանառություն | 461,3 | 581,7 | +26,1% |
| Սերբիա | |||
| Արտահանում | 0,4 | 3,5 | 9,3 անգամ |
| Ներմուծում | 2,7 | 4,5 | +66,8% |
| Ապրանքաշրջանառություն | 3,1 | 8,0 | 2,6 անգամ |
Աղբյուրը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե (օպերատիվ տվյալներ)։



