Հայաստանում միկրոձեռնարկատիրության շրջանառության շեմը 24 մլն-ից բարձրանում է 50 մլն դրամ

Հայաստանում միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 2027-ի հունվարի 1-ից կարող է 24 մլն դրամից (մոտ 66,6 հազ. ԱՄՆ դոլար) բարձրանալ մինչև 50 մլն դրամ (մոտ 138,7 հազ. դոլար)։
Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը և հրապարակել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Միկրոձեռնարկատիրությունը Հայաստանում փոքր բիզնեսի համար նախատեսված հարկման այլընտրանքային արտոնյալ համակարգ է։ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրով նախատեսված է, որ այդ համակարգում գտնվելու տարեկան շրջանառության շեմն առնվազն կրկնապատկվելու է, իսկ արտոնյալ ռեժիմից օգտվելու իրավունքը պայմանավորվելու է հարկային պարտավորությունների պատշաճ կատարմամբ։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար շեմը մնում է անփոփոխ՝ 24 մլն դրամ։ Նրանք կարող են զբաղվել միայն օրենսգրքի 3-րդ հավելվածով սահմանված 23 տեսակի գործունեությամբ, այդ թվում՝ հագուստի և կոշիկի նորոգմամբ, լեզուների ուսուցմամբ, խնջույքավարությամբ և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններով, և միայն բնակչության պատվերով։
5 տարվա արգելք. Հարկային օրենսգրքով սահմանված մի շարք խախտումներ կատարած ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը չեն կարողանա գործել հարկման այլընտրանքային համակարգերում՝ շրջանառության հարկով և որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արգելքը կգործի խախտումն արձանագրվելու տարում և հաջորդ չորս տարիներին։ Կհաշվվեն միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմված վարչական ակտերով արձանագրված խախտումները, իսկ ակտը դատարանում բողոքարկելու դեպքում հարկ վճարողը կշարունակի մնալ իր համակարգում մինչև դատարանի վճռի ուժի մեջ մտնելը։
Փոխկապակցվածության նոր չափանիշներ. Եթե ընկերությունը կամ անհատ ձեռնարկատերը դադարեցնում է գործունեությունը, և 3 ամսվա ընթացքում նույն հասցեում նույն գործունեությամբ զբաղվում է այլ հարկ վճարող, նրանք կհամարվեն փոխկապակցված, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն երկուսը.
- նախորդ 6 ամսվա աշխատողների առնվազն 30%-ն աշխատում է նոր հարկ վճարողի մոտ,
- նոր հարկ վճարողն օգտագործում է նախկինի ապրանքային նշանները կամ IP հասցեները,
- նախկին մատակարարների առնվազն 80%-ն աշխատում է նոր հարկ վճարողի հետ,
- նախկին գնորդների առնվազն 80%-ը գնումներ է կատարում նոր հարկ վճարողից,
- նախկին հսկիչ դրամարկղային մեքենաներից (ՀԴՄ) առնվազն մեկը շահագործում է նոր հարկ վճարողը։
Այս կերպ փոխկապակցված համարվողները նույնպես չեն կարող գործել շրջանառության հարկով կամ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Ծախսերի նվազեցման սահմանափակում. 2027-ի հունվարի 1-ից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով շահութահարկ վճարողները չեն կարողանա համախառն եկամտից նվազեցնել շրջանառության հարկ վճարողներից ստացված ծառայությունների և աշխատանքների ծախսերը, իսկ շրջանառության հարկ վճարողները՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ստացված ծառայությունների և աշխատանքների ծախսերը։
Նախագծով առաջարկվում է նաև ևս մեկ տարով՝ մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը, երկարաձգել գյուղատնտեսության ոլորտի համար շահութահարկի արտոնյալ կարգավորումները՝ մինչև գյուղատնտեսական արտադրանքի հարկման մեխանիզմների մշակումը։
Հիմնավորման համաձայն՝ այլընտրանքային համակարգերում հարկային վարչարարության մեղմ գործիքակազմը մեծացրել է այդ համակարգերում արհեստականորեն տեղավորվելու և հարկերից խուսափելու ձգտումը։ Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների էական նվազման կամ ծախսերի ավելացման։



