Regulation

Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը

Ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը Հայաստանում կերկարաձգվի ևս 6 ամսով՝ 2027-ի հունվարի 7-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ։ Էկոնոմիկայի նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև նոյեմբերի 25-ը։

Արգելքը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 7112 99 000 0 ծածկագրին դասվող թափոններին և կիրառվում է նաև ԵԱՏՄ երկրներ տեղափոխման դեպքում։ Գործող արգելքը 6 ամսով սահմանվել է կառավարության 2026-ի հունիսի 11-ի N 811-Ն որոշմամբ և ավարտվում է 2027-ի հունվարի 7-ին։

Ըստ հիմնավորման՝ Ներքին գործերի նախարարության տվյալներով արգելքի կիրառման ընթացքում՝ 2023-ից մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք։ 2021-ին գրանցվել էր գողության 92, 2022-ին՝ 40 դեպք։

Նախագծի ընդունումը պայմանավորված է շրջակա միջավայրի պաշտպանությամբ՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը նվազեցնելու, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

Որոշման ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ էկոնոմիկայի նախարարը պետք է ծանուցի Եվրասիական տնտեսական հանձնաժողով արգելքի ժամանակավոր կիրառման մասին և ներկայացնի ԵԱՏՄ մաքսային տարածքից այդ ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառելու առաջարկ։ Կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։ Նախագծի ընդունմամբ պետբյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Լուսանկարը՝ Magnific

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}