Markets

ԱՄՊԵՐԱ խորհրդատվական և ծրագրերի կառավարման ընկերությունը նշում է իր հիմնադրման 20-ամյակը

ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյա գործունեությունը ներառում է վեց տասնյակից ավելի պատվիրատուների հետ իրականացված ծրագրեր, որոնք վերաբերում են ավելի քան 30 բնագավառների՝ գյուղական զարգացումից մինչև կիբերհանցագործությունների հակազդում, ՓՄՁ-ների աջակցությունից մինչև կենսաթոշակային համակարգ, զբոսաշրջությունից մինչև ֆինանսական գրագիտություն։ Այսօր ԱՄՊԵՐԱ-ն խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է։

ԱՄՊԵՐԱ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթին ներկա էին ընկերության թիմը և պատվիրատուների ներկայացուցիչները, ընկերները և գործընկերները։ Երեկոն նվիրված էր ընկերության 20-ամյա ուղու ամփոփմանը՝ հաջողությունների և նվաճումների պատմությանը։ Այն պատեհ առիթ էր՝ երախտիքի խոսքեր փոխանցելու բոլոր այն մարդկանց, որոնք մեծ ավանդ ունեն ընկերության կայացման և զարգացման գործում՝ աշխատակազմին և ոլորտային փորձագետներին։

ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 1ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 2ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 3ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 4ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 5ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 6ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 7ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 8ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 9ԱՄՊԵՐԱ-ի 20-ամյակին նվիրված երեկույթ, լուսանկար 10
Լուսանկարները՝ ԱՄՊԵՐԱ

ԱՄՊԵՐԱ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը ընկերության համահիմնադիրներ Վահե Մամբրեյանը և Վարդան Աղբալյանը գործընկերների հետ ամփոփեցին, թե երկու տասնամյակում իրականացված ավելի քան 200 պայմանագրերն ինչ են փոխել պետական կառավարման, տարածքային զարգացման և սոցիալական ոլորտներում, և ներկայացրին առաջիկա տարիների ուղղությունները։

Ընկերությունը հիմնադրվել է 2006թ. նոյեմբերին: Սկզբում մասնագիտանալով ֆինանսական վերլուծության մեջ՝ ընկերությունը 2011թ.-ին արդեն առաջարկում էր ծառայությունների ներկայիս ամբողջ փունջը՝ մոնիտորինգ և գնահատում, հանրային հարցումներ, տնտեսական և սոցիալական հետազոտություններ, ռազմավարական, բիզնես և ներդրումային պլանավորում, իրագործելիության և շուկայական հետազոտություններ, ուսուցում և իրազեկում։

Ընկերության 20-ամյա ուղին

  • 2006 — հիմնադրվում է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը։
  • 2011 — ձևավորվում է ծառայությունների ներկայիս կազմը։
  • 2013 — ընկերությունն արդեն աշխատում է ՀՀ կառավարության կառույցների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, օտարերկրյա և տեղական մասնավոր ընկերությունների հետ։
  • 2019 — մուտք է գործում ծրագրերի կառավարման ոլորտ՝ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» Ծրագրի (RED-NEO) համաիրականացնող։
  • 2024 — ռեբրենդինգ. ԱՄ Փարթնըրզը վերանվանվում է ԱՄՊԵՐԱ։
  • 2026 — ԱՄՊԵՐԱ-ն կայուն զարգացող ընկերություն է, մոնիտորինգի և գնահատման ծառայությունների գծով շուկայի առաջատարը։

Ում համար է աշխատում ընկերությունը

ԱՄՊԵՐԱ-ի պատվիրատուների թվում են ՀՀ Վարչապետի աշխատակազմը, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունները, Կենտրոնական բանկը, Վիճակագրական կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD), ՄԱԿ-ի կառույցները, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի զարգացման գործակալությունները։ Կարևոր է նշել, որ գրեթե բոլոր պատվիրատուների հետ կնքվել է երկու և ավելի պայմանագիր։

Ընկերության աշխատանքների նշանակալից արդյունքներից են Հայաստանի ֆինանսական կարողությունների բարոմետրի մեթոդաբանությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունում բյուջետային ծրագրերի գնահատման կենտրոնացված համակարգի ներդրմանն ուղղված կարողությունների զարգացումը և զբոսաշրջության ոլորտի վիճակագրական կարողությունների հզորացումը։ Այդ աշխատանքների վերջնական շահառուները ոչ միայն պատվիրատուներն են, այլև հանրությունը. հետազոտությունների և գնահատումների հիման վրա են կայացվում պետական ծախսերի, մարզերի և տարբեր ոլորտների զարգացման և սոցիալական ծրագրերի վերաբերյալ որոշումները։

Ինչ է սա նշանակում շուկայի համար

Քսան տարվա անընդմեջ գործունեությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ձևավորվել է տեղական մասնագիտական խորհրդատվության կայուն պահանջարկ, և տեղական ընկերություններն ի զորու են իրականացնել միջազգային չափանիշներով խոշոր ծրագրեր։ ԱՄՊԵՐԱ-ն թելադրում է խորհրդատվական ծառայությունների՝ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման, տնտեսական և սոցիալական հետազոտությունների որակի բարձր նշաձող։ Ընկերության ստանձնած պատվերները և պայմանագրային պարտավորությունները տարածվում են մինչև առաջիկա 5-6 տարիները։

«Քսան տարի առաջ մենք երկուսով էինք և ունեինք մեկ համոզմունք՝ որոշումները պետք է հիմնվեն տվյալների և ապացույցների վրա։ Այսօր այդ սկզբունքով աշխատում է մի ամբողջ թիմ, իսկ մեր հետազոտություններն ու գնահատումներն օգտագործվում են պետական և միջազգային ծրագրերում»,- նշել է ԱՄՊԵՐԱ-ի համահիմնադիր, տնօրեն Վահե Մամբրեյանը։

«Մեր գլխավոր կապիտալը վստահությունն է. պատվիրատուների մեծ մասը մեզ հետ աշխատում է տարիներ շարունակ։ Առաջիկայում նպատակ ունենք ընդլայնել ծրագրերի կառավարման ուղղությունը և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ասել է ընկերության համահիմնադիր Վարդան Աղբալյանը։

Հաջորդ քայլեր

Ընկերությունը շարունակում է ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ Պետական հատվածի արդիականացման IV Ծրագրի մոնիտորինգն ու գնահատումը, ֆինանսական խաբեությունների և զեղծարարությունների կանխարգելմանն ուղղված փաստահենք քաղաքականության մշակման հետազոտությունը, Հայաստանի Ջրային Կոմիտեին մատուցվող ինստիտուցիոնալ օժանդակությունը IADAAM Ծրագրի շրջանակներում, գյուղատնտեսության զարգացման SIGMA ծրագիրը և այլն։ Ընկերության հրապարակումները հասանելի են ampera.am կայքում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}