Կառավարությունը հավանություն է տվել Երևանի և Սյունիքի մաքսային կենտրոնների համար ՎԶԵԲ-ի դրամաշնորհին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) դրամաշնորհին, որով կֆինանսավորվի Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցումն ուղեկցող խորհրդատուների թիմը։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ երկու կենտրոնների կառուցման համար ՎԶԵԲ-ը նախատեսում է հատկացնել շուրջ 57 մլն եվրո՝ 49 մլն վարկ և 8 մլն դրամաշնորհ (BusinessDaily-ի հաշվարկ)։
Սյունիքի կենտրոնի համար նախատեսված է 12 մլն եվրո (10 մլն վարկ և 2 մլն դրամաշնորհ), Երևանի կենտրոնի համար՝ 45 մլն եվրո (39 մլն վարկ՝ երկու տրանշով, և 6 մլն դրամաշնորհ)։ Սյունիքի համաձայնագրերը ստորագրվել են 2024-ի մայիսի 14-ին, Երևանինը՝ 2025-ի սեպտեմբերի 19-ին, իսկ վարկային համաձայնագրերն Ազգային ժողովը վավերացրել է համապատասխանաբար 2024-ի նոյեմբերին և 2026-ի ապրիլին։
Խորհրդատուների թիմի դրամաշնորհային համաձայնագիրը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և ՎԶԵԲ-ը կնքել են 2026-ի օգոստոսի 12-ին։ Այժմ այն հաստատելու մասին հրամանագրի նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին։ Թիմի ղեկավարը կհամակարգի կենտրոնների շինարարական աշխատանքները, գնումների մասնագետը՝ մրցույթները ՎԶԵԲ-ի և հայկական օրենսդրության պահանջներով, շինարար-ինժեները՝ աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը, իսկ շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի մասնագետը՝ ՎԶԵԲ-ի կատարողական պահանջների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նորմերի պահպանումը։
Սյունիքի կենտրոնը կկառուցվի Հայաստանի հարավում՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտ, Սիսիանից 7 կմ հեռավորության վրա, 7,7 հա տարածքում՝ ՊԵԿ-ի սիսիանյան ստորաբաժանման բազայի վրա։ Այնտեղ նախատեսված է վարչական շենք՝ տանիքին արևային էլեկտրակայանով։
Երևանի կենտրոնը կտեղակայվի մայրաքաղաքին հարող Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում։ Այստեղ կկառուցվեն արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն և ՊԵԿ-ի վարչական շենք, իսկ հիմնական գործընթացները կիրականացվեն էլեկտրոնային համակարգերով։ Երկու կենտրոններն էլ ներմուծողներին և արտահանողներին կսպասարկեն «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։
Նույն օրը կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստան՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոններ. կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցություն» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Այս համաձայնագիրը ևս ՊԵԿ-ը և ՎԶԵԲ-ը կնքել են 2026-ի օգոստոսի 12-ին։
Համաձայնագրով փորձագետները ծրագրերի բոլոր փուլերում կուղղորդեն բնապահպանական հավաստագրերի ձեռքբերումը, որպեսզի կենտրոնները համապատասխանեն միջազգային ճանաչում ունեցող կանաչ չափանիշներին։ Խորհրդատուները կմշակեն առաջարկություններ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, էներգաարդյունավետության, ռեսուրսների խնայողաբար օգտագործման և էկոլոգիապես մաքուր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև կօգնեն պատրաստել փաստաթղթերը միջազգային հավաստագրող կառույցների պահանջներով։ Սյունիքի կենտրոնի վարչական շենքի տանիքին արդեն նախատեսված է արևային էլեկտրակայան։ Դրամաշնորհի գումարը որոշման մեջ նշված չէ։



