Գործադիրը հավանություն է տվել TRIPP-ի ընկերության համար օրենսդրական դաշտ ձևավորող 7 օրենքի նախագծի

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 7 օրենքի նախագծի, որոնցով միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող և 25% ու ավելի պետական մասնակցություն ունեցող ընկերությունները դուրս կմնան գնումների, մրցակցության և պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասին օրենքների գործողությունից։ Կառավարության որոշման համաձայն՝ օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով։ Կարգավորումը վերաբերում է նաև TRIPP-ի զարգացման ընկերությանը, որում Հայաստանին կպատկանի 26%։
Փաթեթը ներառում է լրացումներ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, Քաղաքացիական օրենսգրքում, «Գնումների մասին», «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Սնանկության մասին» օրենքներում և Սնանկության օրենսգրքում։
Ավելի վաղ BusinessDaily-ը գրել էր, որ Արդարադատության նախարարության մշակած փաթեթը հրապարակվել էր e-draft.am կայքում, իսկ հիմնավորման տողատակում նշված էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը։ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագրով ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74%, Հայաստանին՝ 26%, ինչը բարձր է 25%-ի շեմից։ Համաձայնագրով Հայաստանը պարտավորվել էր թույլ տալ շեղումներ բաժնետիրական ընկերությունների, գնումների և ՊՄԳ մասին օրենքներից։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի նոր 3.1-րդ հոդվածով այդ ընկերությունները կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով կկարողանան շեղվել օրենքից 10 ուղղությամբ՝ խոշոր գործարքներ, շահագրգռվածությամբ գործարքներ, բաժնետիրական համաձայնագիր, ընդհանուր ժողովի և խորհրդի աշխատակարգ, բաժնետոմսերի օտարման դեպքում նախապատվության իրավունք, կանոնադրական կապիտալի նվազեցում և լուծարում, բաժնետերերի պահանջով բաժնետոմսերի հետգնում, դուստր և կախյալ ընկերությունների պարտավորությունների համար պատասխանատվություն, ինչպես նաև բաժնետերերի պատասխանատվություն։
Եթե պետության մասնաբաժինն իջնի 25%-ից, հատուկ կարգավորումները կդադարեն գործել այդ պահից, իսկ կանոնադրությունը պետք է փոփոխվի մեկ ամսվա ընթացքում։ Նույն կանոնները կտարածվեն նաև այդ ընկերությունների հիմնադրած ընկերությունների վրա, եթե դրանք ևս ստեղծվում են միջազգային պայմանագրի հիման վրա։ Քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածում կամրագրվի, որ նման ընկերությունների հատուկ կարգավորումները կիրառվում են՝ անկախ օրենսգրքի դրույթներից։
«Գնումների մասին» օրենքը չի տարածվի այդ ընկերությունների կնքած գործարքների վրա, իսկ «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով դրանց գործարքները, գործողությունները, վերակազմակերպումները և վարքագիծը համակենտրոնացում չեն համարվի։ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքը ևս չի կիրառվի այդ ընկերությունների նկատմամբ։
«Սնանկության մասին» օրենքում և 2026-ի հունիսի 18-ին ընդունված Սնանկության օրենսգրքում լրացումներով նման ընկերությունների բաժնետերերը կազատվեն կանխամտածված և ոչ իրավաչափ սնանկության համար համապարտ պատասխանատվությունից։ Այլ ընկերությունների դեպքում այդ պատասխանատվությունը կարող է հասնել պարտատերերի պահանջների, կառավարչի վարձատրության և վարչական ծախսերի ամբողջ գումարին։



