Macro

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների վճարումները բյուջե 9 ամսում աճել են 13,8%-ով

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2026-ի հունվար–սեպտեմբերին պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ (մոտ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար), ինչը 199 մլրդ դրամով, կամ 13,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալներով՝ 2025-ի հունվար–սեպտեմբերին ցուցանիշը կազմել էր 1 տրլն 439 մլրդ դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումները կազմել են 1 տրլն 367 մլրդ դրամ՝ 188 մլրդ դրամով, կամ 15,9%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Մաքսային մարմնի մասով մուտքերն աճել են 10 մլրդ դրամով, կամ 3,8%-ով, և հասել 271 մլրդ դրամի։ Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ը հունվար–սեպտեմբերին պետական բյուջե է հավաքագրել 2 տրլն 308 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք։

Առաջին տասնյակը

Առաջին տասը հարկ վճարողները.

  1. «Մոբայլ Սենթր Արթ»՝ 64,3 մլրդ դրամ
  2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ 60,8 մլրդ
  3. «Գրանդ Տոբակո»՝ 46,2 մլրդ
  4. «Գազպրոմ Արմենիա»՝ 39,6 մլրդ
  5. «Արդշինբանկ»՝ 38,1 մլրդ
  6. «Ամերիաբանկ»՝ 28 մլրդ
  7. «Սոֆթ Կոնստրակտ»՝ 25,3 մլրդ
  8. «Դիջիթեյն»՝ 25,2 մլրդ
  9. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»՝ 22,8 մլրդ
  10. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝ 20,4 մլրդ դրամ

Առաջին տասը հարկ վճարողների վճարումները կազմել են 370,7 մլրդ դրամ, կամ ընդհանուր գումարի 22,6%-ը, առաջին հարյուրինը՝ 960,1 մլրդ դրամ, կամ 58,6%-ը։ Ցանկը եզրափակում է «Ֆաստ Մեդիան»՝ 311 մլն դրամով։

Ըստ հարկատեսակների

Վճարումների 40,3%-ը, կամ 661,2 մլրդ դրամը, բաժին է ընկել ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ)։ Եկամտային հարկից մուտքագրվել է 304,8 մլրդ դրամ (18,6%), շահութահարկից՝ 294,2 մլրդ (18%), ակցիզային հարկից՝ 116 մլրդ (7,1%), այլ հարկերից ու վճարներից՝ 262,7 մլրդ դրամ (16%)։ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով միասնական հաշիվ է վերադարձվել 138,5 մլրդ դրամ։

Երևան և մարզեր

Ցանկի 1000 հարկ վճարողներից 817-ը գտնվում են Երևանում, և նրանք վճարել են 1 տրլն 361,8 մլրդ դրամ, կամ ընդհանուր գումարի 83,1%-ը։ Մարզերից առաջատարը Սյունիքն է՝ 18 հարկ վճարող և 101,7 մլրդ դրամ, որից 60,8 մլրդ դրամը՝ պղնձամոլիբդենային կոմբինատինը։ Հաջորդում են Արարատը (24 հարկ վճարող, 50,2 մլրդ դրամ) և Կոտայքը (54 հարկ վճարող, 47,4 մլրդ դրամ)։

Ցանկը կազմվել է կառավարության 2017-ի հուլիսի 6-ի թիվ 783-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ, դրանում ներառված չեն պետական մարմիններն ու համայնքային կառավարչական հիմնարկները։ Ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}