Industry

TRIPP Development Company-ի հիմնադրման աշխատանքները եզրափակիչ փուլում են. ՀՀ-ն սկսում է նախագծումը

Հայաստանը սկսում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի երեք ենթակառուցվածքի՝ երկաթգծի, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծումը՝ չսպասելով ԱՄՆ-ի հետ համատեղ ընկերության հիմնադրմանը։ Այս մասին կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ TRIPP-ը Հայաստանի հարավային Սյունիքի մարզով անցնող տարանցիկ ուղի է, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին, իսկ դրա զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74%, Հայաստանին՝ 26% բաժնեմաս։

Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և այլ պաշտոնյաներ հոկտեմբերի 21-ին այցելել էին Սյունիք՝ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով։ Ըստ փոխվարչապետի՝ երկաթգծի երթուղին ակնհայտ է, և տեղում վերջին անգամ ուսումնասիրվել է ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։ «Այդ իմաստով նախագծման աշխատանքները արդեն կմեկնարկեն»,- նշել է նա։

Ավտոճանապարհի մասով դեռ կան մոդելավորման հարցեր, քանի որ երթուղին ունի դժվարանցանելի հատվածներ։ Գրիգորյանն ընդգծել է, որ վերջնական լուծումը պետք է ճանապարհը մրցունակ դարձնի. «Մենք խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերը արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ինքը շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»։

Էլեկտրահաղորդման գծերի մասով ևս կան վերջնականացման ենթակա հարցեր, որոնք կմոդելավորվեն։ Կատարված աշխատանքը կփոխանցվի TRIPP-ի զարգացման ընկերությանը (TRIPP Development Company) դրա ձևավորումից հետո։ «Որպեսզի ժամանակ չծախսենք, մենք ճիշտ ենք համարում սկսել նախագծման աշխատանքները այսօրվանից»,- հավելել է փոխվարչապետը։ Նրա խոսքով՝ շուտով քննարկման կներկայացվեն ավելի կոնկրետ էսքիզներ, որից հետո կմեկնարկեն իրական նախագծման աշխատանքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ազգային ժողովում մեկնարկել է TRIPP-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը, և վավերացումը տեղի կունենա առաջիկա նստաշրջանում։ Ընկերության հիմնադրման աշխատանքները ԱՄՆ-ի հետ եզրափակիչ փուլում են, իսկ կատարված աշխատանքը, այդ թվում՝ որպես Հայաստանի ներդրում, կփոխանցվի ընկերությանը։ «Մեր տնտեսական դինամիկան ապահովելու, շարունակելու համար սա չափազանց կարևոր հարց է»,- ընդգծել է վարչապետը։

Արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակել է օրենքների նախագծերի փաթեթ, որով միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող և պետության առնվազն 25% մասնակցությամբ ընկերությունները կարող են դուրս մնալ գնումների, մրցակցության և պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքների գործողությունից։ Քննարկումը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը։ Նախագծերում կոնկրետ ծրագիր նշված չէ, սակայն հիմնավորման տողատակում հիշատակվում է TRIPP-ը։ Հայաստանի 26% բաժնեմասը բարձր է նախագծով սահմանված 25%-ի շեմից։ Նման ընկերությունների կանոնադրությունն ու դրա յուրաքանչյուր փոփոխություն պետք է հաստատի կառավարությունը, իսկ փաթեթի ընդունումը, մշակողների գնահատմամբ, լրացուցիչ բյուջետային ծախսեր չի պահանջի։

TRIPP-ի մասին ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Ուղին կներառի երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, օպտիկամանրաթելային և էլեկտրահաղորդման գծեր։ Ինքնիշխանությունը, սահմանային և մաքսային վերահսկողությունը մնում են Հայաստանին։ TRIPP-ի զարգացման ընկերությունը կհիմնադրվի բաժնետիրական ընկերության ձևով, և կարևոր որոշումները կընդունվեն միայն երկու կողմերի համաձայնությամբ։

Ընկերությունը հողի օգտագործման բացառիկ իրավունք կստանա 49 տարով։ Ժամկետը կարող է երկարաձգվել ևս 50 տարով, որի դեպքում Հայաստանի բաժինը կդառնա 49%։ Ժամկետի ավարտին իրավունքներն անհատույց կվերադառնան Հայաստանին։

Հայաստանը պարտավորվում է թույլ տալ շեղումներ բաժնետիրական ընկերությունների, գնումների և ՊՄԳ մասին օրենքներից, իսկ հակասության դեպքում գործում է համաձայնագիրը։ Շահաբաժինները, բաժնետոմսերի վաճառքը և հողային իրավունքների փոխանցումն ազատվում են հարկերից։

Անցակետերում հաճախորդների սպասարկումը («front office») կարող են իրականացնել մասնավոր օպերատորները, վերահսկողությունը մնում է պետությանը։ Վեճերը լուծվում են միայն բանակցություններով, և կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ համաձայնագրից՝ մեկ տարի առաջ ծանուցելով։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}