Regulation

Հայաստանը համապատասխանության հայտարարագրերի գրանցումը համապատասխանեցնում է եվրոպական պահանջներին

Հայաստանում համապատասխանության հայտարարագրեր գրանցող մարմինները պետք է առանձին վկայագրում անցնեն Հավատարմագրման ազգային մարմնում (ARMNAB) և վկայագրման ողջ ժամկետում ARMNAB-ին վճարեն տարեկան առնվազն 850 հազ. դրամ (մոտ 2,4 հազ. ԱՄՆ դոլար)։ Նման կարգ է նախատեսում Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը, որը մշակել են Էկոնոմիկայի նախարարությունը և ARMNAB-ը։ Փոփոխությունը պետք է վերացնի Եվրոպական հավատարմագրման համագործակցության (European co-operation for Accreditation, EA) գնահատման ընթացքում արձանագրված անհամապատասխանությունը, որը կարող է խոչընդոտել ARMNAB-ի լիիրավ անդամակցությանը EA-ին։

Համապատասխանության հայտարարագիրը փաստաթուղթ է, որով արտադրողը կամ ներմուծողը հավաստում է, որ արտադրանքը համապատասխանում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերին։ Ներկայումս հայտարարագրերը գրանցում են ARMNAB-ի հավատարմագրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինները։

Հիմնավորման համաձայն՝ EA-ն արձանագրել է, որ դա չի համապատասխանում եվրոպական համակարգում ընդունված գործառույթների տարանջատման սկզբունքին։ Սերտիֆիկացման մարմինների հիմնական գործառույթը համապատասխանության սերտիֆիկատների տրամադրումն է, իսկ հայտարարագրի գրանցումն առանձին գործընթաց է, որը նախագծի հեղինակներն առաջարկում են վերապահել դրա համար վկայագրված մարմիններին։ ԵԱՏՄ կանոնները թույլ են տալիս հայտարարագրերը գրանցել ինչպես հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի, այնպես էլ պետության լիազորած մարմնի միջոցով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018-ի մարտի 20-ի N 41 որոշում)։

Հրամանն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ ամիս անց։ Դրանից հետո մեկ ամսում հայտարարագրեր գրանցող սերտիֆիկացման մարմինները պետք է դիմեն ARMNAB՝ իրենց հավատարմագրման ոլորտից հանելու հայտարարագրման սխեմաները։ Փոխարենը նրանք կստանան վկայագրման վկայական, որը կգործի մինչև հավատարմագրման վկայագրի ժամկետի ավարտը, իսկ ընթացող հավատարմագրման գործընթացները կշարունակվեն որպես վկայագրում։

Վկայագրման գործընթացի ապահովման վճարը 750 հազ. դրամ է՝ գումարած հավելավճար, որը կախված է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ապրանքային խմբերի քանակից. 1–5 խմբի համար այն 100 հազ. դրամ է, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար՝ ևս 10 հազ.։ Նույն բանաձևով հաշվարկվում է տարեկան վճարը, որը վճարվում է չորս հավասար մասով՝ եռամսյակը մեկ։

Գնահատումների համար առանձին վճար է գանձվում մարդ/օրով՝ հավատարմագրման փորձագետի համար 14 հազ. դրամ, տեխնիկական փորձագետի համար՝ 10 հազ. դրամ օրական։ Գնահատման խմբի գործուղման և տրանսպորտային ծախսերը հոգում է գրանցող մարմինը։ Վճարված գումարները չեն վերադարձվում՝ անկախ արդյունքից, բացառությամբ գործընթացի ապահովման վճարի, եթե գնահատման խումբը դեռ չի հաստատվել։

Գրանցող մարմինը պետք է գրանցված լինի Հայաստանում, ունենա անկողմնակալությունն ապահովող կառավարման համակարգ և չզբաղվի այն արտադրանքի մշակմամբ, արտադրությամբ կամ վաճառքով, որի հայտարարագրերը գրանցում է։ Նրա փորձագետները պետք է ունենան ISO/IEC 17024 ստանդարտով հավատարմագրված մարմնի տված որակավորման վկայական։ Հայտերը ներկայացվում են ARMNAB-ի e-accreditation էլեկտրոնային համակարգով։

Գործընթացի յուրաքանչյուր փուլ ունի ժամկետ. փաստաթղթերի ուսումնասիրությունը տևում է 15 աշխատանքային օր, տեղում գնահատումը՝ մինչև 4 օր, անհամապատասխանությունները պետք է վերացվեն առավելագույնը 30 աշխատանքային օրում։ Որոշումը 3 աշխատանքային օրում կայացնում է եռանդամ հանձնաժողովը, որի կազմն ընտրում է էլեկտրոնային համակարգը՝ բացառելով գնահատմանը մասնակցած անձանց։ Վկայագրումը տրվում է չորս տարով, պարբերական գնահատումն անցկացվում է առաջին 12 ամսում, այնուհետև՝ առնվազն 18 ամիսը մեկ։

Հիմնավորման համաձայն՝ նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում։ Այն բխում է կառավարության 2021–2026 թվականների ծրագրից, որը թիրախ է սահմանում EA-ի, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) և Հավատարմագրման միջազգային ֆորումի (IAF) հետ բազմակողմ ճանաչման համաձայնագրերի կնքումը։

Համատեքստ

EA-ն դրական որոշում է կայացրել ARMNAB-ի՝ EA բազմակողմ ճանաչման համաձայնագրին (EA Multilateral Agreement, EA MLA) միանալու վերաբերյալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Ֆրանսիայի Ռուասի-ան-Ֆրանս քաղաքում տեղի ունեցած EA Բազմակողմ ճանաչման համաձայնագրի խորհրդի (EA Multilateral Agreement Council, MAC) 55-րդ նիստում։

Նիստի ընթացքում քննարկվել են ARMNAB-ի փոխադարձ գնահատման արդյունքները։ Խորհուրդը հավանություն է տվել, որ ARMNAB-ը դառնա EA MLA համաձայնագրի ստորագրող կողմ հետևյալ առանցքային ոլորտներում.

  • Փորձարկման լաբորատորիաներ (EN ISO/IEC 17025)
  • Տրամաչափարկման լաբորատորիաներ (EN ISO/IEC 17025)
  • Կառավարման համակարգերի սերտիֆիկացում (EN ISO/IEC 17021-1)

Փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի վերջին՝ EA գագաթնաժողովի ընթացքում։ Համաձայնագրերի կնքման արդյունքում կկրճատվեն թե՛ արտադրողի, թե՛ ներմուծողի ծախսերը, քանի որ կնվազի կամ կվերանա արտադրանքի (ծառայության) մյուս երկրում վերագնահատման անհրաժեշտությունը, ինչն էլ կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է փորձարկման լաբորատորիաների միջազգային հավատարմագրման ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի նախագիծ։ ARMNAB-ի հավատարմագրած լաբորատորիաները, որոնք կստանան ILAC փոխադարձ ճանաչման համաձայնագրի (ILAC Mutual Recognition Arrangement, ILAC MRA) անդամ հավատարմագրման մարմնի հավատարմագրում, կարող են ստանալ ծախսերի մինչև 70%-ի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ (մոտ 13,8 հազ. ԱՄՆ դոլար), իսկ հավատարմագրման ոլորտը ընդլայնելու դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026-ին նախատեսվում է 6 մլն դրամ, 2027-ից՝ տարեկան 16 մլն դրամ, իսկ ծրագիրը կգործի մինչև 2030-ի նոյեմբերի 10-ը։

2026-ի հունիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի ներմուծման նկատմամբ։ ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ դրանք վերաբերում են արտադրանքին, որի արտահանումը 2025-ին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 1,2%-ը։ Ծաղիկների, ձկնամթերքի և կորիզավոր մրգերի արտադրության մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, և կարճաժամկետ հեռանկարում այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորությունները սահմանափակ են։

Հայկական ապրանքների համար Եվրոպական միության ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ին և կգործեն երկու տարի։ Եվրոպական հանձնաժողովի հաղորդմամբ՝ դրանք ազատականացնում են Հայաստանից ԵՄ արտահանման գրեթե 80%-ը, այդ թվում Ռուսաստանի սահմանափակումներից տուժած թարմ մրգերի, բանջարեղենի և ծաղիկների գրեթե ողջ արտահանումը, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը։

Արտոնությունները տրամադրվում են՝ աջակցելու հայ արտադրողներին և արտահանողներին Ռուսաստանի վերջերս կիրառած առևտրային սահմանափակումներից հետո։ Ըստ հանձնաժողովի՝ միջոցները կհեշտացնեն մուտքը ԵՄ շուկա և կնպաստեն Հայաստանի տնտեսության կայունությանը։

Արտոնյալ ռեժիմը նախատեսում է պայմաններ, ինչպես նաև պաշտպանական միջոցներ այն դեպքի համար, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա։ Արտոնությունները Հայաստանին աջակցության ավելի լայն փաթեթի մաս են, որը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}