Հայաստանի ագրարային համալսարանում ջերմատան ռոբոտ են մշակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ջերմատներում բերքահավաքի ռոբոտ են մշակում, որի մրցունակ գինը կարող է կազմել մոտ 20–25 հազ. ԱՄՆ դոլար։ Ռոբոտը Չինաստանից բերված երկու հարթակների միացություն է, իսկ հավաքվում և ծրագրավորվում է Հայաստանում։ Այս մասին BusinessDaily-ին հայտնեց համալսարանի Ագրոմեխատրոնիկայի և ճշգրիտ ռոբոտաշինության ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Գրիշ Ղուրշուդյանը։
Նրա խոսքով՝ ռոբոտում արհեստական բանականություն է ներդրված. մշակողների նպատակն է, որ այն տեսախցիկներով որոշի՝ բույսը հասու՞ն է, թե՞ ոչ, կատարի մոնիթորինգ և հայտնաբերի բույսերի հիվանդությունները։ «Եթե մինչև վեգետացիոն փուլը բույսը ենթակա չէ աճեցման, այն հեռացնում է կամ տեղյակ է պահում, որ հեռացնելու ենթակա է, չարժե այն հետագայում աճեցնել։ Իսկ հասունացումից հետո այն կարող է բերքահավաք կատարել»,- նշեց նա։ Սակայն ներկայում ռոբոտը կառավարվում է ձեռքով։ «Այս պահին այն ձեռքով կառավարմամբ է։ Այնտեղ ավելանում են նաև լիդարներ, պլյուս գինն ավելի է բարձրանում»,- պարզաբանեց Ղուրշուդյանը՝ խոսելով ջերմատանն ավտոմատ կառավարման մասին։ Նրա խոսքով՝ շասսին արժե մոտ 4 հազ. ԱՄՆ դոլար, ձեռքը՝ ևս մոտ 4 հազ. ԱՄՆ դոլար։ Ռոբոտը նախատեսված է հիմնականում ջերմատների համար և կարող է բարձրանալ մինչև 4,5 մ՝ ջերմատան լոլիկի բարձրությամբ. բարձրացող մեխանիզմը ցուցահանդեսում դեռ տեղադրված չէր։ Ռոբոտը կոչվում է «Այգեպան», և, Ղուրշուդյանի խոսքով, այն «լրիվ մերն է»։
Միկրոսխեմաները և էլեկտրոնային մասերը, որոնք հնարավոր չէ պատվիրել Հայաստանում, թիմը պատվիրում է Չինաստանից։ «Հիմնական մասը միկրոսխեմաներն ու էլեկտրատեխնիկական դետալներն են, որոնք Հայաստանում կամ շատ քիչ են, կամ չկան»,- ընդգծեց Ղուրշուդյանը։ Նրա խոսքով՝ մեխանիկան հնարավոր է ամբողջությամբ արտադրել Հայաստանում, իսկ հավաքումը կատարել տեղի ձեռնարկությունների հետ համագործակցությամբ։ Թիմն արդեն քննարկումներ է ունեցել տարբեր գործարանների հետ. «Նույնիսկ գործարաններ կան, որոնք սերիական արտադրության սարքավորումներ ունեն, բայց դրանք այս պահին կանգնած են, չեն աշխատում։ Նրանք նույնպես պատրաստ են այդ ամենն անել մեզ համար»,- հավելեց նա։ Ղուրշուդյանի գնահատմամբ՝ ռոբոտը Հայաստանում կարող է դառնալ սերիական արտադրանք։ Նրա խոսքով՝ լաբորատորիայի գործիքակազմով ամսական կարելի է սարքել մի քանի ռոբոտ, իսկ ավելի մեծ արտադրության համար թիմը կարող է մասերը պատվիրել Հայաստանի տարբեր գործարաններից և հավաքել մեկ տեղում։ Պատենտավորման հարցում թիմին օգնում են դասախոսները, որոնք ունեն գիտական աշխատություններ և պատենտներ։
Թիմն առանձին աշխատում է չինական ռոբոտ-շան հետ, որն արժե մոտ 2–3 հազ. ԱՄՆ դոլար և ուսումնական հարթակ է։ Ղուրշուդյանի խոսքով՝ այն հնարավոր է մոդիֆիկացնել, իսկ արտադրողի հետ թիմը քննարկում է տեխնիկական հարցեր և հնարավոր համագործակցություն։ Դրա հիման վրա լաբորատորիայում սարքում են նոր ռոբոտ՝ հովվաշուն, որը պետք է ոչխարներին պահի կոնկրետ տարածքում, հետևի դրանց առողջությանը և վարքագծին, ուղղորդի մի վայրից մյուսը և հաշվի, թե որ ոչխարներն են բեղմնավորվել։ Ներկայում ռոբոտ-շան առավելագույն արագությունը 10 կմ/ժ է, իսկ սեփական մոդելը նախագծում են ավելի արագ։ «Հովվաշունը չի կարող որոշել գառների հիվանդությունները, չի կարող որոշել նրանց վարքագիծը, իսկ սա այդ ամենի մոնիթորինգն անում է օրվա ընթացքում։ Ամսվա վերջում արձագանք է տալիս, որ այս գառներն առողջ են»,- պարզաբանեց Ղուրշուդյանը։
Թիմը դասախոսներից մեկի հետ մշակում է նաև ջերմատան ներսում մոնիթորինգի փոքր դրոն։ Այն մուլտիսպեկտրալ տեսախցիկներով վերևից նկարում է սածիլները, իսկ AI-ն որոշում է՝ դրանք ենթակա՞ են հետագա աճեցման, թե՞ ոչ։ Նույն մոդելի դաշտային դրոնն արդեն կա. դրա տեսախցիկն ունի 6 սենսոր, որոնցից յուրաքանչյուրը նկարում է մեկ սպեկտրում։ «Այս պահին այն դեռ մոդել է։ Տեսախցիկների հարցն ենք լուծում, որ ավելի լավը լինի ու ավելի լավ ճանաչի»,- հայտնեց Ղուրշուդյանը։
Սարքավորումների հետ կապված աշխատանքը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը. համալսարանը նախանցած տարի ստացել է 270 հազ. եվրոյի ֆինանսավորում, որով բացվել է Ագրոմեխատրոնիկայի և ճշգրիտ ռոբոտաշինության կրթական ծրագիրը և ձեռք են բերվել սարքերը։ Լաբորատորիան կոչվում է «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն։ Ցուցահանդեսում ներկայացված սրսկման դրոնը ձեռք է բերվել Եվրամիության աջակցությամբ. դրանով ուսանողները սովորում են թռիչքի կառավարում և փորձարկումներ են անում համալսարանի հողերում։



