Industry

Թրամփի դոնորը մտադիր է հայկական պղինձը Չինաստանից վերաուղղել ԱՄՆ

Ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը ղեկավարում է TRIPP նախագծի հետ կապված Tripp+ հիմնադրամը, մտադիր է ընդլայնել ներդրումները Հայաստանի պղնձի ոլորտում։ Թեղուտի հանքավայրի արտադրանքը նա հաջորդ տարվանից նախատեսում է մատակարարել ԱՄՆ, այլ ոչ թե Չինաստան։

Ըստ RBC-ի՝ այս մասին Սոկոլովը տեղեկացրել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Սոկոլովի խոսքով՝ Թեղուտի արտադրանքի հիմնական մասը մինչ այժմ արտահանվել է Չինաստան։ Դեկտեմբերին գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նա ծրագրում է մատակարարումները վերակողմնորոշել դեպի ԱՄՆ՝ նոր առևտրային պայմանավորվածությունների շրջանակում։ Գործարքի գլխավոր նպատակներից մեկը, ըստ ներդրողի, Հայաստանի կրիտիկական հանքային ռեսուրսների ներառումն է ամերիկյան մատակարարման շղթաներում։

Սոկոլովը նպատակ ունի տարեկան արտադրությունը հասցնել 120–130 հազ. տոննա պղնձի խտանյութի, ինչը համապատասխանում է մոտ 26–28 հազ. տոննա պղնձի։ Նոր հզորությունները պետք է գործարկվեն 2030-ին, իսկ ամբողջ հզորությամբ աշխատեն 2031-ին։ Հայաստանի և Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը Սոկոլովն անվանել է «տարածաշրջանի համար փոխակերպող իրադարձություն»։ Նա հավելել է, որ ցանկանում է բիզնես զարգացնել ամբողջ տարածաշրջանում, քանի որ հավատում է դրա ներուժին։

Ինչպես Թեղուտն անցավ ամերիկյան ընկերությանը

RBC-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Սոկոլովը Թեղուտը՝ Հայաստանում պղնձի երկրորդ խոշոր արտադրողին, ձեռք է բերել սեպտեմբերին։ Սակայն սեփականատիրոջ փոփոխության մասին հայտնի էր դարձել դեռ հուլիսին։ Ինչպես հաղորդել էր ARKA գործակալությունը՝ հղում անելով «Ազատությանը», հանքավայրը շահագործող «Կուպրար» ընկերության նոր մասնակից է դարձել ամերիկյան Dynamic Frontier Holdings-ը։ Ընկերությունը գրանցված է Տեխասում, հիմնադրվել է 2025-ի օգոստոսին, և այն ղեկավարում է Սոկոլովը։

Մինչև վաճառքը Թեղուտի հիմնական բաժնետերն ու վարկատուն ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ՎՏԲ բանկն էր։ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տվյալներով՝ հունիսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) Dynamic Frontier Holdings-ին լիցենզիա է տվել հանքի բաժնետոմսերն ու պարտքը գնելու համար։

Թեղուտում արդյունաբերական արդյունահանումը սկսվել է 2014-ի դեկտեմբերին։ Նախագծային հզորությունը տարեկան մինչև 50 հազ. տոննա պղնձի խտանյութ է։ 2018-ի փետրվարին հանքի աշխատանքը դադարեցվել է, և ավելի քան հազար մարդ մնացել է առանց աշխատանքի։ Այսպիսով, Սոկոլովի հայտարարած ծրագրերն ավելի քան երկու անգամ գերազանցում են հանքավայրի նախագծային հզորությունը։

Ով է Կոնստանտին Սոկոլովը

Սոկոլովը ծնվել է Լենինգրադում (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) 1975-ին և ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել ԱՄՆ։ Նա հիմնադրել է IJS Investments և Gotthard Investment AG ներդրումային ընկերությունները և «Վիվա Արմենիա» կապի օպերատորի խոշոր բաժնետեր է։

Հուլիսին ԱՄՆ պետդեպարտամենտը նրան նշանակել է Tripp+ հիմնադրամի հետ կապված ձեռնարկատիրության նոր հիմնադրամի նախագահ։ Հիմնադրամի ծավալը գերազանցում է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Այն ներդրումներ է կատարում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տրանսպորտի, էներգետիկայի և կրիտիկական հանքանյութերի ոլորտներում։ Tripp+-ն անվանվել է TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի պատվին։

Ինչպես գրել էր The Guardian-ը, Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Սոկոլովը հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 11 մլն-ը բաժին է ընկել MAGA Inc. սուպերկոմիտեին, 443 հազ. դոլարը՝ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեին։ Բացի այդ, նա դարձել է Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման 36 հովանավորներից մեկը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}