Հայաստանը մտադիր է 2027-ին 76,5 հազ. եվրո ներդրմամբ միանալ ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին

Հայաստանը պատրաստվում է 2027-ին միանալ Եվրոպական միության մաքսային (CUSTOMS) և հարկային (FISCALIS) համագործակցության ծրագրերին՝ 76,5 հազ. եվրո ներդրմամբ։ Կառավարությունը հավանություն է տվել այդ ծրագրերին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին, ստորագրումը կկազմակերպեն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահը։
ՊԵԿ-ի հիմնավորման համաձայն՝ CUSTOMS-ին Հայաստանի ներդրումը 2027-ին կկազմի 40,0 հազ. եվրո, որից 38,5 հազ.-ը՝ գործառնական ներդրում, 1,5 հազ.-ը՝ մասնակցության վճար։ FISCALIS-ի համար նախատեսված է 36,5 հազ. եվրո՝ 35,1 հազ. գործառնական ներդրում և 1,4 հազ. մասնակցության վճար։ Գործառնական ներդրումը հաշվարկվում է ծրագրի բյուջեի և Հայաստանի համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ՝ 80% զեղչով, իսկ մասնակցության վճարը գործառնական ներդրման մոտ 4%-ն է (BusinessDaily-ի հաշվարկ)։
ԵՄ CUSTOMS և FISCALIS ծրագրերը գործում են 1990-ականներից, ներկայիս փուլը նախատեսված է 2021–2027-ի համար։ Հայաստանի համար դրանք կկիրառվեն մեկ տարի՝ 2027-ին։
CUSTOMS-ը ենթադրում է Հայաստանի մաքսային օրենսդրության աստիճանական մոտարկում ԵՄ մաքսային օրենսդրությանը և Համաշխարհային մաքսային կազմակերպության չափորոշիչներին։ Հիմնավորման մեջ նշված է, որ նպատակն այն է, «որպեսզի ԵՄ ներդրողը Հայաստանում առնչվի իրեն ծանոթ մաքսային վարչարարությանը»։ Ծրագիրը ներառում է նաև մաքսային ընթացակարգերի թվայնացում, եվրոպական էլեկտրոնային համակարգերի մշակում ու շահագործում և մաքսային ծառայողների վերապատրաստում։
FISCALIS-ին մասնակցությունը հարկային ծառայությանը հնարավորություն կտա օգտվել ԵՄ տեղեկատվական համակարգերից, այլ երկրների հետ փոխանակել հարկային տվյալներ և ուժեղացնել պայքարը հարկային խարդախության ու հարկերից խուսափելու դեմ։ Արդյունքում ակնկալվում է հարկերի հավաքագրման բարելավում և ստվերի կրճատում։
ՊԵԿ-ի գնահատմամբ՝ ծրագրերին միանալը բխում է Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017-ին ստորագրված և 2021-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պահանջներից, ինչպես նաև կառավարության 2026–2031-ի ծրագրից։



