Tech & IT

Հայաստանի բուհերում կիրականացվի ֆիզիկական արհեստական բանականության 4,8 մլրդ դրամ արժողությամբ 7-ամյա ծրագիր

Հայաստանի կառավարությունը հաստատել է ֆիզիկական արհեստական բանականության (ԱԲ)՝ ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ուղղության, 7-ամյա ծրագիրը՝ 4 մլրդ 828,7 մլն դրամ (14 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր բյուջեով։ Կառավարության որոշման համաձայն՝ ծրագիրը կֆինանսավորվի պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ 1:1 հարաբերակցությամբ, իսկ պետական բյուջեից հատկացումը չի գերազանցի 7 մլն դոլարին համարժեք գումարը։

Ծրագիրը կիրականացվի Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Մասնավոր կողմը «բա-ԳԻՆ Գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամն է (ARCS.ai), որը 2025-ին հիմնադրել է Հայ մշակութային և գիտական ընկերակցությունը (ASOF)։ Ընկերակցության միջազգային ցանցում շուրջ 370 գիտնական է, այդ թվում՝ երեք Նոբելյան մրցանակակիր։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 7 տարում բուհերում կձևավորվի մշտական գիտական միջուկ։ «Առաջին տարում պետության կողմից ֆինանսավորման համար կհատկացնենք 168,4 մլն դրամ։ Սա առավելապես կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասին»,- նշել է նախարարը։

Ծրագրով նախատեսված է ներգրավել 3 երկարաժամկետ ավագ գիտնական՝ վեցամյա պայմանագրով, 12-ից ավելի հետդոկտորական հետազոտող և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնական՝ առնվազն 10 երկրից։ Պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան կվերազինվի և կդառնա ֆիզիկական ԱԲ-ի հետազոտական լաբորատորիա, կստեղծվի նաև երկրորդ լաբորատորիան։ 7 տարում կրթական ծրագրերում կընդգրկվի 364 ուսանող, շրջանավարտները կլինեն շուրջ 330-ը, իսկ թիրախներից են 20-ից ավելի գիտական հրապարակումը, առնվազն 2 գյուտի արտոնագիրը և 5 ստարտափը։ Հաշվողական հզորությունները կտրամադրեն ԵՊՀ սուպերհամակարգիչը և Firebird ԱԲ կենտրոնը, իսկ լաբորատոր սարքավորումների ուղղությամբ հիմնադրամը համագործակցում է Agile Robots ընկերության հետ։

Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում ռոբոտաշինություն սովորող ուսանողների թիվը չի գերազանցում 100-ը, իսկ ռոբոտաշինությամբ անմիջականորեն զբաղվող ընկերությունները քիչ են։ 2025-ի աշնանը հիմնադրամը տարբեր համալսարաններում անցկացրել է 9 դասընթաց, որոնց անվճար մասնակցել է շուրջ 80 ուսանող։

Ծախսեր-օգուտներ վերլուծության բազային սցենարով՝ ծրագրի տնտեսական զուտ ներկա արժեքը կազմում է 939,9 մլն դրամ, օգուտներ/ծախսեր հարաբերակցությունը՝ 1,25, իսկ կառավարության ֆինանսավորման յուրաքանչյուր դրամը տնտեսության համար կստեղծի 2,38 դրամ օգուտ։ Բյուջեի շուրջ 71%-ը՝ 3 մլրդ 413 մլն դրամ, կծախսվի Հայաստանում, իսկ ՀՆԱ-ում համախառն ներդրումը գնահատվում է շուրջ 4 մլրդ 440 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նպատակն է բուհերում ձևավորել կադրային ներուժ և լաբորատորիաներ՝ «հեռահար և ռազմավարական նպատակ ունենալով Հայաստանը դարձնել գրավիչ այդ ուղղությամբ ներդրումների համար»։ «Ակնհայտ է, որ առաջիկայում արդյունաբերական ոլորտի ներդրումների մի հսկայական մասն այս բովանդակությունն է ունենալու»,- ընդգծել է Փաշինյանը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}