Regulation

Կառավարությունը հավանություն է տվել հասցեների միասնական շտեմարանի մասին օրենքի նախագծին. ստանդարտացվել է շուրջ 1,5 մլն հասցե

Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին, որով վերանայվում է անշարժ գույքի հասցեավորման կարգը և ամրագրվում հասցեների միասնական էլեկտրոնային շտեմարանը։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ արդեն ստանդարտացվել և էլեկտրոնային համակարգ է մուտքագրվել շուրջ 1,5 մլն հասցե։

Նախագծով հասցեն համարվում է տրամադրված կամ փոփոխված հասցեների շտեմարանում ներառվելու պահից, իսկ հասցեի գրանցման առանձին վարչարարական գործառույթը հանվում է։ Հասցեների ազգային ստանդարտը գործում է 2025 թվականի հունվարի 1-ից. դրա հիման վրա Կադաստրի կոմիտեում տարիներով կուտակված հասցեավորման որոշումները միավորվել են մեկ համակարգում։ Գույքի գրանցման ժամանակ հասցեն այլևս ձեռքով չի մուտքագրվում, այն ընտրվում է էլեկտրոնային շտեմարանից։

Փոփոխությունը վերաբերում է գույքի սեփականատերերին և գնորդներին, կառուցապատողներին, համայնքներին, ինչպես նաև հասցեներ օգտագործող ծառայություններին՝ շտապօգնությանը, փրկարար ծառայությանը, տաքսի և առաքման ընկերություններին։ Սուրեն Թովմասյանի խոսքով՝ բացահայտված սխալները քաղաքացիներն այլևս առանձին-առանձին չեն ուղղելու համայնքում. Կադաստրի կոմիտեն դրանք մեկ նամակով կուղարկի համայնքին, իսկ օրենքով սահմանված ժամկետում չարձագանքելու դեպքում հիմք կընդունվեն կոմիտեի առաջարկությունները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ արդեն գրանցված գույքի հասցեավորումը կամ հասցեի փոփոխությունը կատարվում է անվճար. Երևանի համար դա վերաբերում է միայն այն գույքին, որը հասցեավորվել է քաղաքի՝ համայնքի կարգավիճակ ստանալուց հետո։

Հասցեների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը լինելու է ազգային գեոպորտալը, որտեղ փոփոխությունները կարտացոլվեն անմիջապես։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ ծառայություն մատուցողների համար տվյալներից օգտվելը նախատեսվում է դարձնել վճարովի՝ «ոչ այնքան մեծ» վճարով. նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ վճարովի և անվճար լինելու հարցը դեռ կքննարկվի։ Թովմասյանի խոսքով՝ այսօր տաքսի ծառայությունները և մատակարարները վարում են հասցեների սեփական բազաներ, որոնք չեն համաժամեցվում պետական շտեմարանի հետ, և փողոցի անվանափոխությունը դրանցում արտացոլվում է օրեր կամ ամիսներ անց։

Մհեր Գրիգորյանը նախագիծն անվանել է կարևոր, սակայն նշել է, որ դա «գործի 20 տոկոսն է դեռ»։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացիներին և ծառայություն մատուցողներին հասցեների փոփոխության մասին պատշաճ չտեղեկացնեն, շտապօգնությունը կամ տաքսին կգնան հին հասցեով, իսկ խցանումների ռիսկը կմեծանա։ Փոխվարչապետը բարձրացրել է նաև շենքերի հասցեների ցուցանակների միասնական ստանդարտի, կանգառների անվանումների և փոստարկղերի հարցերը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ շտապօգնության ծառայությունն իր շտեմարանները ձևավորել է տարբեր աղբյուրներից, և նպատակն այն է, որ փոփոխություններն ինքնաշխատ արտացոլվեն դրանցում։ Նա նշել է նաև տարբեր քաղաքներում կրկնվող փողոցների անվանումների խնդիրը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի խոսքով՝ հաջորդ քայլը հասցեների ռեգիստրի ինտեգրումն է բնակչության ռեգիստրի և բիզնես ռեգիստրի հետ։

Գործնականում սեփականատերերին և ընկերություններին պետք է հաշվի առնել, որ հասցեն կարող է փոխվել Կադաստրի կոմիտեի և համայնքի նախաձեռնությամբ. նախագծի համաձայն՝ իրավատերերը ծանուցվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կայքի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով։ Սուրեն Թովմասյանը փոխվարչապետի դիտարկումներն ընդունել է որպես հանձնարարական և խոստացել առաջարկություններ ներկայացնել ծանուցման և ցուցանակների ստանդարտի վերաբերյալ. աշխատանքներին կմիանան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երկու ամիս անց, իսկ առկա հասցեները շտեմարան կտեղափոխվեն երեք տարվա ընթացքում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը կարող է որոշակիորեն նվազեցնել համայնքային բյուջեների եկամուտները։

BusinessDaily.am-ը նոյեմբերի 2-ին հայտնել էր հանրային քննարկման ներկայացված նախագծի մասին, որով սահմանվում են հասցեների միասնական շտեմարանի վարման կանոնները՝ նախորդ հասցեների պատմության պահպանմամբ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}