Հունվար-սեպտեմբերին Հայաստանի արդյունաբերական արտադրությունն աճել է 5,8%-ով

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 2 տրլն 361,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,8%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աճը հիմնականում ապահովել են հանքագործական և մշակող արդյունաբերության ճյուղերը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի ծավալը կազմել է 555,6 մլրդ դրամ, ինչը 21,8%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է 23,6%-ով՝ հասնելով 530 մլրդ դրամի։
Մշակող արդյունաբերությունը, որի բաժինը ընդհանուր արդյունաբերական թողարկման կառուցվածքում կազմում է 63,4%, ապահովել է 1,5 տրլն դրամի արտադրանք, ինչը 3,3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Խոշոր ճյուղերից աճ է գրանցվել սննդամթերքի արտադրությունում՝ 4,4%-ով, խմիչքների արտադրությունում՝ 13,1%-ով, քիմիական արտադրանքի արտադրությունում՝ 74,1%-ով, դեղագործական արտադրանքի արտադրությունում՝ 16,2%-ով, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրությունում՝ 5,7%-ով, ինչպես նաև ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունում՝ 6,9%-ով։
Միաժամանակ, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը նվազել է 11,6%-ով, պոլիգրաֆիական գործունեությունը՝ 10,8%-ով, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը՝ 6,9%-ով, էլեկտրական սարքավորանքի արտադրությունը՝ 7,8%-ով, իսկ մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 53,6%-ով։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտի արտադրանքի ծավալը կրճատվել է 2,1%-ով՝ կազմելով 284,1 մլրդ դրամ։ Միաժամանակ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը աճել է 3%-ով՝ մինչև 25 մլրդ դրամ։
Արդյունաբերության կառուցվածքում մշակող արդյունաբերության բաժինը կազմել է 63,4%, հանքագործական արդյունաբերությանը՝ 23,5%, էներգետիկայինը՝ 12%, իսկ ջրամատակարարման և թափոնների կառավարման ոլորտինը՝ 1,1%։



