Industry

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հոկտեմբերին աճել է 34,4%-ով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հոկտեմբերին աճել է 34,4%-ով՝ հասնելով 286,2 հազարի։ Այս մասին հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Սա 2019-ից ի վեր հոկտեմբերյան ամենաբարձր ցուցանիշն է (նախորդ առավելագույնը՝ 212,9 հազ., 2025-ին)։ Հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 2 մլն 43,5 հազ. զբոսաշրջիկ՝ 5%-ով ավելի, քան մեկ տարի առաջ (1 մլն 947,1 հազ.)։

Տասն ամսվա արդյունքով 2026-ը գրեթե հավասարվել է 2023-ին՝ 2019-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշին (2 մլն 45,3 հազ.), զիջելով ընդամենը 1,8 հազ. այցով։ Ամբողջ տարվա ընթացքում Հայաստան այցելել էր 2 մլն 330 հազ. զբոսաշրջիկ 2023-ին, 2 մլն 210 հազ.՝ 2024-ին, 2 մլն 260 հազ.՝ 2025-ին։

Ամռանը՝ անկում, աշնանը՝ աճ

2026-ի առաջին կիսամյակում այցելություններն աճել են բոլոր ամիսներին, ամենաշատը՝ ապրիլին (39,6%-ով՝ մինչև 172,7 հազ.) և հունվարին (28,6%-ով՝ մինչև 179,4 հազ.)։ Ամռանը պատկերը շրջվել է՝ հուլիսին այցելությունները նվազել են 24,6%-ով (198,7 հազ.), օգոստոսին՝ 32,1%-ով (227 հազ.)։ Աշնանը աճը վերականգնվել է՝ սեպտեմբերին 26,6%-ով (290 հազ., տարվա ամենաբարձր ամսական ցուցանիշը), հոկտեմբերին՝ 34,4%-ով։

Որ երկրներից

Հունվար-հոկտեմբերին ամենաշատ այցելությունները գրանցվել են Ռուսաստանից՝ 820,6 հազ. (40%), Վրաստանից՝ 272,9 հազ. (13%) և Իրանից՝ 167,6 հազ. (8%)։ Հաջորդում են Չինաստանը (50,3 հազ.), ԱՄՆ-ը (45,7 հազ.), Գերմանիան (37,1 հազ.), Ֆրանսիան (29,3 հազ.), Ուկրաինան (28,2 հազ.), Իտալիան (22,5 հազ.) և Մեծ Բրիտանիան (14,9 հազ.)։

Մուտքի կետերը

Զբոսաշրջիկների 60%-ը Հայաստան է մուտք գործել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, ինչպես 2025-ին։ Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշենի անցակետի բաժինը 20%-ից աճել է մինչև 21%, Բավրայինը մնացել է 10%։ Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրիի անցակետի բաժինն աճել է 5%-ից մինչև 6,16%, Գյումրիի օդանավակայանինը՝ 1,6%-ից մինչև 2%։ Վրաստանի հետ սահմանին գտնվող Գոգավանի անցակետով մուտք է գործել զբոսաշրջիկների 2%-ը (2025-ին՝ 2,2%), Այրումի երկաթուղային անցակետով՝ 1%-ը։

Տարիքը

Զբոսաշրջիկների ամենամեծ խումբը 35–44 տարեկաններն են՝ 26%, հաջորդում են 45–54 (19%), 25–34 (17%) և 55–64 (13%) տարեկանները։ 65 և ավելի տարեկանների բաժինը 2025-ի համեմատ աճել է 6%-ից մինչև 8%, 18–24 տարեկաններինը նվազել է 9%-ից մինչև 6%։ Մինչև 12 տարեկան երեխաները կազմում են 7%, 13–17 տարեկանները՝ 4%։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}