Հայաստանում 1 ՄՎտ-ից մեծ էներգիա պահեստավորող կայանների համար լիցենզիա կպահանջվի դեկտեմբերի 4-ից

Էներգիայի պահեստավորումը Հայաստանում կդառնա էներգետիկայի բնագավառում լիցենզավորվող գործունեության նոր տեսակ, և 1 ՄՎտ-ից մեծ դրվածքային հզորությամբ պահեստավորող կայանների համար լիցենզիա կպահանջվի։ Էներգետիկայի ոլորտը կարգավորող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման նախագիծը, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 4-ից, հանրային քննարկման է դրված մինչև նոյեմբերի 24-ը։
Լիցենզիա ունեցող անձը իրավունք կստանա լիցենզիայով սահմանված տարածքում կառուցել (վերակառուցել) էներգիա պահեստավորող կայան, շուկայի կանոններով մեծածախ շուկայում գնել և վաճառել էլեկտրական էներգիա, ինչպես նաև շուկայի մասնակիցներին մատուցել պահեստավորման ծառայություն։ Լիցենզիա չի պահանջվի մինչև 1 ՄՎտ հզորությամբ կայանների համար, իսկ 1 ՄՎտ-ից մեծ կայանների դեպքում՝ պահեստավորման ժամանակահատվածում, եթե էներգիան պահեստավորվում է բացառապես սեփական կարիքների համար։ Էլեկտրաէներգիա արտադրողների համար սեփական կարիք կհամարվի նաև սեփական արտադրության էներգիայի կուտակումը։ Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման լիցենզիա ունեցողներին պահեստավորմամբ զբաղվելն արգելվելու է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Լիցենզիաները կտրամադրվեն էներգիայի պահեստավորման երաշխիքով կամ առանց դրա։ Երաշխիքով լիցենզիա կտրվի ըստ հայտերի հերթականության, մրցույթով կամ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) գործարքի շրջանակում։ Ըստ հիմնավորման՝ այդպիսի լիցենզիա ունեցողը ՀԾԿՀ-ի սահմանած սակագնով պարտավոր կլինի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներով։ Մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանների լիցենզիաների դեպքում հաշվի կառնվեն էներգետիկայի ոլորտում կառավարության լիազոր մարմնի առաջարկած գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները, իսկ 30 ՄՎտ և ավելի հզորությամբ կայանների համար կպահանջվի նաև այդ մարմնի համաձայնությունը։ Կառուցման ժամանակահատվածը կլինի 2 տարի 6 ամիս։
Մրցույթը կանցկացվի լիազոր մարմնի առաջարկով։ ՀԾԿՀ-ն առաջարկը ստանալուց հետո 30 աշխատանքային օրում կհաստատի մրցույթի սահմանաչափը (բաշխվող գումարային հզորությունը կամ էներգիայի ծավալը), առավելագույն գինը և կառուցման ու պահեստավորման ժամանակահատվածները։ Հրավերը կհրապարակվի հայտերի վերջնաժամկետից առնվազն 30 օրացուցային օր առաջ։ Առավելագույն գինը գերազանցող հայտերը կմերժվեն, իսկ մնացածները կդասակարգվեն ըստ առաջարկվող գնի աճման՝ մինչև սահմանաչափի լրանալը։ Հաղթողը 6 ամսում պետք է դիմի լիցենզիայի համար, իսկ այն ստանալուց հետո 30 աշխատանքային օրում՝ կնքի պահեստավորման ծառայության պայմանագիր։
Նախագծով փոխվում է նաև կառուցման ժամանակահատված ներառող արտադրության և պահեստավորման լիցենզիաների բանկային երաշխիքի չափը։ Այն կհավասարվի կայանի հզորության (կՎտ) և բազային տուրքի տասնապատիկի արտադրյալին՝ ներկայիս երկուսուկեսապատիկի փոխարեն։ Կառուցման ժամանակահատվածն առաջին անգամ երկարաձգելիս կկիրառվի քսանապատիկը, հաջորդ երկարաձգումների դեպքում՝ երեսնապատիկը։ Business Daily-ի հաշվարկով՝ 1000 դրամ բազային տուրքի դեպքում 1 ՄՎտ հզորությամբ կայանի երաշխիքը կկազմի 10 մլն դրամ (մոտ 27,7 հազ. ԱՄՆ դոլար)՝ 2,5 մլն դրամի փոխարեն, իսկ երկարաձգման դեպքում՝ 20 և 30 մլն դրամ։
Լիազոր մարմինը, համակարգի անվտանգությունից և հուսալիությունից ելնելով, կկարողանա սահմանել մինչև 30 ՄՎտ հզորությամբ ցանկացած տեսակի կայանների արտադրության լիցենզիաների, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների և միկրոէներգաարտադրողների կայանների միացման գումարային հզորությունների չափաքանակներ։ Դրանք սպառվելու դեպքում լիցենզիաների տրամադրումը և կայանների միացումը ցանցին կդադարեցվեն։ Արտադրության կամ պահեստավորման լիցենզիա ստանալու համար բոլոր դեպքերում պետք է ներկայացվի ցանցին միանալու հնարավորության վերաբերյալ տեղեկանք։
Նախագիծը բխում է «Էներգետիկայի մասին» օրենքում 2026-ին կատարված փոփոխություններից, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 4-ին. մինչ այդ ՀԾԿՀ-ն պետք է իր ակտերը համապատասխանեցնի օրենքին։ Փաստաթուղթը մշակվել է «Հելվետաս» Շվեյցարական համագործակցության RECONOMY ծրագրի աջակցությամբ։


