Հայաստանը և Չինաստանը խորացնում են տրանսպորտի ոլորտում համագործակցությունը․ առևտրաշրջանառությունն արդեն իսկ աճել է

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սեպտեմբերի 22-ին կնքվել է ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկացմամբ՝ համաձայնագրով կանոնակարգվում են երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրումները։
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։
Չինաստանը Հայաստանի արտաքին առևտրի կարևորագույն գործընկերներից է: 2026-ի հունվար-հուլիսին Հայաստանի և Չինաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 805,9 մլն դոլար՝ 2025-ի նույն ժամանակահատվածի 1 մլրդ 437,6 մլն դոլարի դիմաց: Աճի տեմպը կազմել է 125,6%։ Չինաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ 2025-ի հունվար-հուլիսին կազմել է 12,7%, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում աճել է մինչև 15,6%։ Առևտրի հաշվեկշիռը Չինաստանի հետ մնում է բացասական, սակայն նկատվում է դրական դինամիկա: 2025-ի հունվար-հուլիսին Հայաստանի հաշվեկշիռը կազմել է -713,1 մլն դոլար, իսկ 2026-ի հունվար-հուլիսին բարելավվել է մինչև -502,5 մլն դոլար: Պակասուրդը նվազել է մոտ 210,6 մլն դոլարով: Չինաստան արտահանման ծավալը (ըստ արտահանող երկրի) 2026-ի հունվար-հուլիսին կազմել է 651,7 մլն դոլար՝ 2025թ. նույն ժամանակահատվածի 362,3 մլն դոլարի դիմաց: Աճի տեմպը կազմել է 179,9%: ՀՀ ընդհանուր արտահանումը 2026-ի հունվար-հուլիսին կազմել է 4 մլրդ 35,7 մլն դոլար՝ 2025-ի 4 մլրդ 381,5 մլն դոլարի դիմաց (նվազում՝ 7,9%): Արդյունքում՝ Չինաստանի տեսակարար կշիռն արտահանման մեջ կրկնապատկվել է՝ 2025-ի 8,3%-ից հասնելով 2026-ի 16,2%-ի: Ներմուծումը ըստ արտահանող երկրի 2026-ի հունվար-հուլիսին կազմել է 1 մլրդ 154,2 մլն դոլար՝ 2025-ի 1 մլրդ 75,3 մլն դոլարի դիմաց (աճ՝ 107,3%): Այս դասակարգմամբ Չինաստանի տեսակարար կշիռը ներմուծման մեջ երկու ժամանակահատվածներում էլ կազմել է 15,4%։



