Հունվար-սեպտեմբերին Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 4,8%-ով

Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2026-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 677,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,8%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անկումը հիմնականում պայմանավորված է բուսաբուծության ծավալների կրճատմամբ։
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 724,4 մլրդ դրամ, ինչը 4,2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Բուսաբուծության արտադրանքը կազմել է 372,6 մլրդ դրամ՝ նվազելով 7,3%-ով, մինչդեռ անասնաբուծության արտադրանքը կրճատվել է 1,3%-ով՝ կազմելով 304,5 մլրդ դրամ։
Միաժամանակ, անտառային տնտեսության համախառն արտադրանքն աճել է 39,3%-ով՝ հասնելով 3,8 մլրդ դրամի, իսկ ձկնորսության և ձկնաբուծության ոլորտի արտադրանքը ավելացել է 2,2%-ով՝ կազմելով 43,7 մլրդ դրամ։
Բնեղեն ցուցանիշներով հանրապետությունում արտադրվել է 473,1 հազար տոննա կաթ, ինչը 2,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ձվի արտադրությունը նվազել է 4%-ով՝ մինչև 634,4 մլն հատ, մինչդեռ սպանդի համար իրացվել է 70,5 հազար տոննա կենդանի և թռչուն, ինչը 0,6%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Բուսաբուծությունում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն բերքն աճել է 30,7%-ով՝ մինչև 314,1 հազար տոննա։ Միաժամանակ պտղի և հատապտղի բերքը կրճատվել է 27,6%-ով՝ մինչև 196,2 հազար տոննա, իսկ խաղողի բերքը՝ 29,3%-ով՝ մինչև 121,4 հազար տոննա։



