Industry

Կառավարությունը վեց ամսով արգելել է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից՝ 2027 թվականի հունվարի 2-ից

Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման վրա։ Արգելքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 2-ից և գործում է վեց ամիս։

Արգելքը վերաբերում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերին դասվող՝ Հայաստանի ծագում ունեցող սիգի ձկնկիթին։ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն երեք օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և առաջարկ ներկայացնել միության մաքսային տարածքից այդ ապրանքների արտահանման դեպքում նույն միջոցը կիրառելու մասին։

Որոշումը վերաբերում է Սևանա լճում արդյունագործական որս իրականացնողներին, ձկան վերամշակողներին և արտահանողներին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այն բխում է պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Նախագիծը մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Հիմնավորման տվյալներով՝ Սևանա լճում սիգի կենսազանգվածը 2019 թվականին կազմել է 2668 տոննա, 2020-ին՝ 2345, 2021-ին՝ 5348, 2022-ին՝ 4700, 2023-ին՝ 3974, 2024-ին՝ 1293, 2025-ին՝ 3591,8 տոննա։ Արդյունագործական որսը 2020 և 2021 թվականներին կազմել է 300-ական տոննա, 2022 և 2023 թվականներին՝ 600-ական, 2024-ին՝ 679, 2025-ին՝ 1123 տոննա։ Փաստաթղթում նշվում է, որ կենսազանգվածի աճը դեռ չի ապահովում լճում ձկնատեսակի օպտիմալ թվաքանակը. որոշ գիտական տվյալներով՝ ընդհանուր պաշարը կարող է հասնել մինչև 10 000 տոննայի, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննայի և ավելիի։

Հիմնավորման համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ն իրականացված գիտական որսի տվյալներով էգերի ձկնկիթը կազմել է մարմնի զանգվածի 14,6–19,8%-ը, իսկ ձվադրմանը պատրաստ և ձվադրած սիգերի մասնաբաժինը հունվարի 9-ին եղել է 20,7%, հունվարի 24-ին՝ 66,7%, փետրվարի 6-ին՝ 81,3%։ Արգելքի նպատակն է կանխել միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները և ապահովել ձկնատեսակի բնականոն վերարտադրությունը։

Արտահանողներին անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2027 թվականի հունվարի 2-ից մինչև հուլիսի սկիզբ սիգի ձկնկիթի մատակարարումները Հայաստանից դուրս, ներառյալ ԵԱՏՄ երկրներ, արգելված են։ BusinessDaily.am-ը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակն ավելացվել է 720 տոննայով։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}