Կառավարությունը մեկ կիլոգրամի համար 70 դրամով կսուբսիդավորի Վայոց ձորում մթերված 2478 տոննա Արենի տեսակի խաղողը

Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հաստատել է 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը. Վայոց ձորի մարզում մթերված 2 477,785 տոննա խաղողի յուրաքանչյուր կիլոգրամի համար մթերողը կստանա 70 դրամ սուբսիդիա։ Աջակցության ընդհանուր չափը շուրջ 173,4 մլն դրամ է, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Միջոցառման պայմանների համաձայն՝ սուբսիդիա ստանում է այն տնտեսավարողը, որը Վայոց ձորի մարզից մթերել է առնվազն 800 տոննա Արենի տեսակի խաղող՝ մեկ կիլոգրամի համար նվազագույնը 210 դրամ գնով։ Սուբսիդիա չի տրվում մթերողին կամ նրա հիմնադիրներին, 10%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող հողատարածքներից մթերված խաղողի համար։ Մթերման կետերում գործընթացի մշտադիտարկումն իրականացնում են մարզպետների աշխատակազմերը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս տարի Վայոց ձորում Արենի տեսակի խաղողի համախառն բերքը գնահատվում է շուրջ 5400 տոննա, որից շուրջ 2900 տոննան օգտագործվել է սեփական կարիքների համար կամ մթերվել գինու արտադրության պայմանագրերով, և առաջացել է շուրջ 2500 տոննայի իրացման խնդիր։ Միջոցառման մասին իրազեկվել են ոլորտի բոլոր տնտեսավարողները, սակայն սահմանված ընթացակարգով մթերել է համաձայնել միայն «Գետափի գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ն։ Մթերումները սկսվել են հոկտեմբերի 16-ին և ավարտվել նոյեմբերի 7-ի դրությամբ։
Որոշումը պետք է Վայոց ձորի խաղողագործներին, որոնց բերքը գինեգործները չեն գնել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականին գինու արտադրությունը կազմել է շուրջ 8,0 մլն լիտր՝ նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 1,8 մլն լիտրով կամ 18,5%-ով, ինչը համարժեք է շուրջ 2800 տոննա խաղողի։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ որակյալ գինի արտադրողները ձգտում են աշխատել սեփական այգիների խաղողով՝ հետագծելիություն ապահովելու համար, ինչը խնդիր է ստեղծում այն խաղողագործների համար, որոնց բիզնես մոդելը խաղողը գործարաններին հանձնելն է։
Նախարարը բացատրել է գնի տրամաբանությունը. Արենին գինու սորտ է և կոնյակի սպիրտի համար գնելը տնտեսապես նպատակահարմար չէ։ Հիմնավորման համաձայն՝ Վայոց ձորում տարիների ընթացքում ձևավորված մթերման գինը շուրջ 230 դրամ է, իսկ կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողինը՝ 135–140 դրամ։ Նախարարի խոսքով՝ 140 դրամին ավելացվել է 70 դրամ, որպեսզի գինը հասնի 210 դրամի. հակառակ դեպքում այգիները կարող էին կորսվել, մինչդեռ Արենին այդ տարածքի էնդեմիկ սորտն է։ 800 տոննայի շեմը, ըստ հիմնավորման, սահմանվել է, որպեսզի գինու համար Արենի մթերողները ծրագրից չօգտվեն և անհավասար մրցակցային պայմաններ չստեղծվեն։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրել է, թե ով է հաստատում, որ մթերվածն իսկապես Արենի է, և հիշեցրել, որ այգիները պետք է արտացոլվեին գեոպորտալում։ Գևորգ Պապոյանը պատասխանել է, որ այգիների հաշվառման համակարգը մշակում են իտալացի գործընկերները և այն դեռ պաշտոնական շրջանառության մեջ չէ, իսկ այս տարի յուրաքանչյուր մեքենայի բեռնաթափմանը ներկա են եղել համայնքի և մարզպետարանի ներկայացուցիչները։ Նրա խոսքով՝ աշխատանքների ավարտից հետո մթերումները և պայմանագրերը կգրանցվեն այդ համակարգում։
Խաղողի տնկարկների ռեեստրի մասին BusinessDaily.am-ին ավելի վաղ պատմել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը. նրա խոսքով՝ հիմնադրամը մշակում է ռեեստրի ծրագիրը, որն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերին։ Ռեեստրը պետք է ցույց տա, թե ով է խաղողագործը, քանի հեկտար այգի ունի, ինչ սորտ է աճեցնում, որքան բերք է ստանում և ում է վաճառում, իսկ մթերողը լրացնելու է, թե որքան խաղող է գնել և ինչ է արտադրել։ Մթերման պայմանագրերը հարթակին պարտադիր կցվելու են մինչև մայիս։ Զարուհի Մուրադյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր խաղողի այգիներն արդեն քարտեզագրվել և նկարահանվել են դրոններով, իսկ ռեեստրին կապված է լինելու աշխարհագրական նշումը, որպեսզի Վայոց ձորի տարածքային նշումը կարողանան օգտագործել միայն տեղական արտադրողները։ Մանրամասները՝ BusinessDaily.am-ի հարցազրույցում։
Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում իրականացվում են փոքր արտադրությունների ավելացման և գինու ու զբոսաշրջության կլաստերի ստեղծման ծրագրեր։ Խաղողագործների և մթերողների համար գործնական է նաև նույն նիստի օրակարգում ներառված մյուս նախագիծը. գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում Վայոց ձորի Արենի տեսակի խաղողի մթերման պայմանագրերի կնքման ժամկետը 2026 թվականին սահմանվում է մինչև նոյեմբերի 15-ը։ Էկոնոմիկայի նախարարը մինչև նոյեմբերի 30-ը պետք է ներկայացնի բյուջեում վերաբաշխման առաջարկ՝ սուբսիդիան ֆինանսավորելու համար։
BusinessDaily.am-ը նոյեմբերի 2-ին հայտնել էր այս միջոցառման՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի մասին. այն ժամանակ առանց գնորդի մնացող խաղողի ծավալը գնահատվում էր շուրջ 2000 տոննա, իսկ աջակցության առավելագույն չափը՝ շուրջ 140 մլն դրամ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար–օգոստոսին խաղողի գինու արտադրությունն աճել է 23,4%-ով՝ մինչև 4894,3 հազար լիտր։



