Աշխատանքի տոնավաճառին թափուր աշխատատեղերը ներկայացրել է 70-ի ավելի գործատու

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին մասնակցել են ավելի քան 5000 քաղաքացիներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ պետական և մասնավոր ոլորտը ներկայացնող 70-ից ավելի գործատուների կողմից առաջարկվող թափուր հաստիքներին, աշխատանքի ընդունման պայմաններին։
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության տեղեկացմամբ՝ նախարար Թորոսյանը շրջայց է կատարել տոնավաճառի տաղավարներով, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող անձանց հետ։
Ըստ աղբյուրի՝ աշխատանքի տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցել է նաև Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը․ տաղավարում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը, մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստումների հնարավորությունները, e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու գործիքները։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 13.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14.0%-ի դիմաց։ Գործազուրկների թիվը կրճատվել է 7.2 հազարով՝ 188.2-ից 181.0 հազար մարդ։
Սակայն զբաղվածների թիվը ոչ թե աճել, այլ նույնպես նվազել է՝ 1 159.4-ից 1 137.7 հազար, այսինքն՝ 21.7 հազարով։ Միաժամանակ աշխատուժից դուրս գտնվող բնակչությունն աճել է 60.1 հազարով՝ 966.9 հազարից 1 մլն 27.0 հազար մարդ։
Հարաբերական ցուցանիշները նույնն են ցույց տալիս՝ աշխատուժի մասնակցության մակարդակը իջել է 58.2%-ից 56.2%, զբաղվածությունը՝ 50.1%-ից 48.5%, իսկ աշխատուժից դուրս բնակչության տեսակարար կշիռն աճել է 41.8%-ից 43.8%։

