IntensiveAgro

Զարուհի Մուրադյան. մենք երբեք 1 դոլարանոց գինի չենք կարող արտադրել, մեր շանսը որակն ու այլընտրանքային շուկաներն են

Business Daily-ն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ զրուցել է աշխարհագրական նշումների, գինու արտադրության և իրացման հետագծելիության, խաղողագործ–գինեգործ հարաբերությունների, Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների, կադրերի պատրաստման և կեղծարարության դեմ պայքարի մասին։

— Սկսենք աշխարհագրական նշումից։ Հայկական կոնյակի «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (GI) հայտը դեռ այս մարտին ներկայացված է Եվրամիությանը։ Ե՞րբ կլինի պատասխանը։

— Պատասխան ասելով ի՞նչ նկատի ունեք։ Էկոնոմիկայի նախարարը հրամանն արդեն ստորագրել է, այսինքն՝ հայտն ընդունվել է նախարարի հրամանով։ Կոնյակագործներն արդեն կարող են օգտագործել այն, եթե իրենց արտադրանքը համապատասխանում է սահմանված հատկորոշիչներին։ Մնացել են վերջնական ձևական ընթացակարգերը։

— Այսինքն՝ ընդունվե՞լ է։ Իսկ Եվրամիությունո՞ւմ։

— Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ նախ ներքին շուկայում՝ երկրի ներսում, այն արդեն կարող է հանգիստ օգտագործվել։ Կոնյակ արտադրողը, եթե իր արտադրությունը համապատասխանում է հատկորոշիչների պահանջներին, կարող է արդեն դա նշել պիտակին և դուրս գալ շուկա։ Եվրամիությունը ճանաչում է մեր ներքին մշակած հայտը. եթե մենք հաստատում ենք, որ դա մեզ համար ընդունելի է, նրանց համար էլ դա պետք է ընդունելի լինի։

Սակայն թե եվրոպական ընթացակարգն ինչպես է ընթանում, որքան է տևում և ուր է հասել, անկեղծ ասած, տեղյակ չեմ, որովհետև մենք կոնյակով չենք զբաղվում, մենք գինու պատասխանատուներն ենք։ Ես ներգրավված եմ եղել գործընթացին, մասնակցել եմ հատկորոշիչների մշակմանը և դրանք անգիր գիտեմ։ Գիտեմ նաև, որ հրամանն արդեն կա, և բոլոր կոնյակագործները համաձայն են նշված պահանջներին։ Սպասվում է Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի հաստատումը։

— Հարցս վերաբերում է և՛ գինուն, և՛ կոնյակին։ Եվրոպական շուկան արտոնություններ է տալիս, բայց ինչպե՞ս ենք մեր արտադրությունը համապատասխանեցնում նրանց ստանդարտներին՝ նկատի ունենալով ամբողջ հետագծելիությունը՝ սուպերմարկետից և գնորդից մինչև գյուղացու այգին։

— Ձեր հարցին երկու մասով պատասխանեմ։ Հիմնադրամը մշակում է խաղողի տնկարկների ռեեստրի ծրագիրը, որն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերին։ Նպատակն այն է, որ կարողանանք վերահսկել ամբողջ հետագծելիությունը՝ ով է խաղողագործը, քանի հեկտար այգի ունի, ինչ սորտ է աճեցնում, որքան բերք է ստանում և ում է վաճառում։ Իր հերթին արտադրողը լրացնում է, թե որքան խաղող է գնել այդ խաղողագործից և ինչ է արտադրել։ Այսպես մենք կվերահսկենք ամբողջ շղթան։

Մյուս նպատակը սուբսիդիաների հետ է կապված։ Այսօր մեզ համար շատ դժվար է կանխատեսել խաղողի քանակը, որովհետև գործիքներ չունենք։ Տվյալները ստանում ենք համայնքապետարաններից, որոնք էլ հարցնում են խաղողագործներին, թե այս տարի որքան բերք կլինի, և վերջիններս մոտավոր քանակ են ասում։ Երբ ունենանք ռեեստրը, որտեղ երևում է վազերի քանակը, սորտը, և կունենանք բերքատվության տվյալները, կարող ենք ասել՝ հարգելիս, դու չես կարող 1 հեկտարից 40 տոննա ստանալ, որովհետև այգիդ տկար է, վազերդ ամբողջական չեն, և դու չես կարող թղթի վրա 40 տոննա ցույց տալ։ Ծրագրի նպատակն է պայքարել կեղծարարության դեմ։

Մենք տեսնում ենք՝ երբ ոչ որակյալ արտադրանքը ինչ-որ պահի վաճառվում է, և հետո արգելքներ են դրվում, որ այդ կեղծ արտադրանքը շուկա չմտնի, ամբողջ արտադրությունը կաթվածահար է լինում։ Մենք ասում ենք՝ ահա մեր ծրագիրը, մենք արտադրում ենք որակյալ կոնյակ և գինի, և ձեզ էլ կօգնենք, որ այդ շուկայում ամուր տեղ գտնեք։

Իսկ եվրոպական շուկան պահանջում է որակյալ արտադրանք։ Մենք բազմաթիվ սերտիֆիկացման գործընթացներ ենք անցնում, անալիզներ ենք հանձնում։ Դրա համար գինու ոլորտում եվրոպական շուկա ներկայանալու խնդիր չունենք. գինեգործներն այս տարիների ընթացքում գիտեն, թե ինչ պահանջներ կան, և համապատասխանեցնում են իրենց արտադրանքը, որ կարողանան հեշտությամբ վաճառել։

Ընդհանուր առմամբ, արտահանումը ծավալային առումով նվազել է, իսկ արժեքային առումով՝ ավելացել, և աճը տեսնում ենք հենց Եվրոպայում։ Այսինքն՝ Եվրոպայում վաճառում ենք ավելի պրեմիում, բարձր գնի գինիներ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մենք հաջողելու ենք միայն այդտեղ։ Դրա համար էլ ամեն ինչ անում ենք. այն GI-ն, որի մասին Դուք ասում եք, գինու դեպքում էլ ենք արել։ Գինեգործների հետ աշխատել ենք, հատկորոշիչներ գրել, որպեսզի նրանք էլ աշխատեն իրենց խաղողագործների հետ և խաղողն այնպես մշակեն, որ բարձրորակ գինի արտադրվի։

Այլապես ցածր որակով ու գնով չենք մրցելու. մենք երբեք 1 դոլարանոց էժան գինի չենք կարող արտադրել և չենք կարող դրանով հաջողել։ Ուստի երկարաժամկետ աշխատանք ենք տանում արտադրողների հետ, որ նրանք էլ գիտակցեն ու այդ ճանապարհով գնան, և վերջնարդյունքում ունենանք չկեղծված կոնյակ ու բարձրորակ գինի։ Ռուսաստանը միանշանակ մեզ համար կարևորագույն շուկաներից է, բայց մենք պետք է այլընտրանքային շուկաներ գտնենք, որ ցնցումների չենթարկվենք։

— Ե՞րբ կգա այն ժամանակը, երբ գյուղացին արդեն այսօր կիմանա, որ հաջորդ տարի որքան խաղող է վաճառելու և ինչ գնով։

— Կարող եմ իմ կարծիքը հայտնել, թեև գուցե շատերը համամիտ չլինեն։ Իմ փորձը ցույց է տալիս, որ երբ արտադրողի և խաղողագործի միջև առողջ համագործակցություն կա, նույնիսկ եթե արտադրողը սեփական այգիներ չունի, բայց կարողանում է աշխատել իր խաղողագործի հետ, և նրանք հավատարիմ են միմյանց, ամեն ինչ ընթանում է անխոչընդոտ։ Կան խաղողագործներ, որ շատ հանգիստ են, որովհետև գիտեն, որ իրենց խաղողը ցանկալի գնով վաճառվելու է։ Եվ կան խաղողագործներ, որ ամբողջ տարի ոչ մեկի հետ պայմանագիր չունեն։

Խոսենք, օրինակ, Արենիի մասին։ Այս սորտը լավագույնս է դրսևորվում և բարձր որակ է տալիս, երբ 1 հեկտարից ստացվում է 7, 8, առավելագույնը 10 տոննա խաղող։ Բայց կան խաղողագործներ, որ այգին այնքան են ծանրաբեռնում, որ 20–25 տոննա են ստանում։ Գինեգործն այդ խաղողի հետևից չի գա, որովհետև գիտի, որ դրանից լավ բան չի ստանալու և չի կարողանալու վաճառել։ Եթե համագործակցությունն առողջ լինի, կարծում եմ, առաջարկն ու պահանջարկը կհավասարակշռվեն։

Մյուս կողմից՝ գինեգործները, հասկանալով, որ չեն կարողանում երկարաժամկետ աշխատել խաղողագործի հետ, ներդրում են անում և սեփական այգիներ հիմնում։ Կտեսնեք, որ վերջին տարիներին Հայաստան եկող ներդրողները նախ գործարան չեն կառուցում, այլ այգի են հիմնում. Վայոց ձորում հեկտարներով Արենի են տնկում, հետո նոր գործարան կառուցում։ Գնալով այս խնդիրն ավելի է սրվելու. եթե խաղողագործը չկարողանա հաշտ աշխատել մթերողների հետ, խնդիրը միշտ լինելու է։

Ես էլ եմ արտադրությամբ զբաղվում և կարող եմ ասել՝ դողում եմ իմ խաղողագործի համար։ Աշխատում եմ նրա հետ, ընկերություն եմ անում, և նա ինձ հավատարիմ է՝ իմ խաղողը 10 դրամ ավելի գնով մեկ ուրիշին չի վաճառի։ Նա գիտի, որ հաջորդ տարի էլ եմ իր խաղողը տանելու, և այդ կայուն համագործակցությունն իր համար ավելի կարևոր է, քան 50 դրամ ավելի վաճառելն ու ինձ կորցնելը։

— Բայց դա իրատեսակա՞ն է մեր պայմաններում։

— Դա պետք է ձևավորվի, և տարիներ են պետք, որ մարդիկ ընկալեն։ Գյուղացին ամբողջ կյանքում խաղողը մի կերպ է մշակել, չի տեսել այլընտրանքային մշակույթ, նորագույն տեխնոլոգիաներ։

— Բայց չէ՞ որ նա պետք է պատկերացնի ամբողջ շղթան՝ ինչ-որ մեկից օրինակ վերցնի, պատկերացնի, թե ինչպես է իր խաղողը գինի դառնում ու վայելվում։

— Դա մեր բացն է. գինեգործները պետք է համբերատար տանեն այդ աշխատանքն իրենց գործընկերների հետ։ Կարծում եմ՝ որքան պետությունը քիչ խառնվի այս աջակցության ծրագրերին, այնքան ավելի լավ։ Պետք է ձևավորվի առողջ առաջարկ և պահանջարկ։ Երբ դա ձևավորվի, պետությունն այն գումարը, որը հիմա դնում է խաղողագործին օգնելու համար, կուղղի շուկաներին, վաճառքներին, առաջմղմանը, ինչը, ի դեպ, հիմա էլ անում է՝ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Բայց առողջ համագործակցությունը գինեգործների խնդիրն է. գինեգործը պետք է խթանի խաղողագործության զարգացումը և աշխատանքը խաղողագործների հետ։ Պետությունն էլ ուրախ կլինի ազատվել այդ գլխացավանքից և միջոցներն ուղղել ավելի մեծ ծրագրերի ու առաջմղման։

— Ֆրանսիացիները, օրինակ, փոքր տարածք են ունեցել, գինին լցրել են շշի մեջ, խցանել, անուն դրել և սկսել են բուտիկի գինիներ արտադրել։ Հայաստանում նման օրինակներ կա՞ն։

— Մենք հենց այդպես էլ դիրքավորվում ենք՝ որպես բուտիկային գինի արտադրող երկիր, որովհետև, ինչպես նշեցի, ծավալներով մեզ անգամ չենք կարող համեմատել Վրաստանի հետ։ Բայց ունենք առաջատարներ, ընկերություններ, որոնց գինիները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել և դրանով դուռ բացել Հայաստանի համար։ Անուններ չեմ կարող նշել, բայց նրանք իրենց լավագույն փորձը տարածել են, սովորեցրել են կողքի արտադրողներին և դարձել որակ թելադրողներ։

Երբ մեկը հաջողում է, մարդիկ համտեսում են և ուզում են հասկանալ, թե որն էր նրա հաջողության գրավականը, ինչի վրա էր շեշտը դրել՝ տեխնոլոգիայի՞, այգիների մշակմա՞ն, և իրենք էլ են ձգտում հասնել այդ մակարդակին։ Մեզ մոտ շատ հետաքրքիր աշխատաոճ է ձևավորվել. գինեգործները հասկանում են, որ եթե չմիավորվեն, դրսում չեն հաջողի։ Ներքին շուկայում գուցե մրցակցություն կա, բայց դրսում՝ բոլորը գիտակցում են, որ եթե հայկական գինին ճանաչելի չդարձնեն և առաջ չմղեն, ոչ ոք չի հաջողի։

— Ամենաէականը՝ կադրերը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գինեգործության ֆակուլտետ կա՞, լավ մասնագետներ դուրս գալի՞ս են։

— Այո, կա։ Գինեգործությունը վերջին տարիներին շատ պահանջված մասնագիտություն է։

— Այսինքն՝ մինչդեռ շատ մասնագիտություններ Հայաստանում արդեն մարել են, գինեգործի դպրոցը պահպանվե՞լ է։

— Մենք նաև սերնդափոխություն արեցինք. Գերմանիայի լավագույն համալսարանի հետ միասին Ագրարային համալսարանին կից ստեղծեցինք Գինու ակադեմիան։ Նպատակն էր նորարարական լուծումներով կրթություն առաջարկել, միջազգային փորձը բերել ու ներդնել Հայաստանում։ Միաժամանակ օգնեցինք Ագրարային համալսարանին ներդնել այդ ծրագրերը, և ամբողջ ուսումնական ծրագիրը փոխվեց։

Դասընթացը հատուկ անգլերենով էր, որպեսզի մեր երիտասարդ մասնագետներին ուղարկենք արտերկիր՝ վերապատրաստվելու և փորձ ձեռք բերելու։ Նրանք վերադարձան, իրենց գիտելիքը ներդրեցին և՛ գինու գործարաններում, և՛ համալսարանում, և այսօր լավագույն մասնագետները դասավանդում են և՛ Գինու ակադեմիայում, և՛ համալսարանում։

Ներդրեցինք նաև դուալ ծրագիրը, որովհետև գինեգործությունը միայն տեսություն չէ. ուսանողը պետք է զգա, համտեսի։ Ուսանողներին ուղարկում ենք արտադրություն, որ միաժամանակ աշխատեն, սովորեն և փորձ ձեռք բերեն։ Եղել են դեպքեր, երբ ուսանողն ավարտել է գինեգործականը, բայց դեռ չի գիտակցել, թե ինչ մասնագիտություն է ձեռք բերել։ Դրա համար հենց առաջին կուրսից դասերը կազմակերպում ենք արտադրությունում, որ գիտակցեն։

— Հետաքրքիր է, որ ընտրել եք գերմանացիներին։ Շատերը չգիտեն էլ, որ Գերմանիայում գինեգործություն կա, մինչդեռ մոզելյան գինին ամենաբարդ մշակվողներից է ու ամենահամեղներից։

— Այո, բայց նրանց համալսարանը Եվրոպայի ամենահին և ամենահզոր գինու համալսարաններից է։

— Ինչպե՞ս անենք, որ Արենիի պատմությունը չկրկնվի, երբ խաղողը հասունացել է, կութը եղել է, իսկ հետո նոր սուբսիդիաներով են փորձում լուծել խնդիրը։

— Անկեղծ ասեմ՝ երբ հաջորդ տարի ունենանք ռեեստրը։ Այն շատ բարդ ծրագիր էր, ցավոք, երկար տևեց, բայց շատ հզոր գործիք է լինելու։ Այդ հարթակում երևալու են պայմանագրերը. արդեն մայիսին պայմանագրերը պարտադիր կցված են լինելու։

— Այսինքն՝ ամբողջությամբ մտնելու են հարկային դաշտ։

— Դա օրենքով է կարգավորվելու։ Այնտեղ կտեսնենք, թե քանի խաղողագործ պայմանագիր չունի, քանի հեկտար կամ տոննա խաղող է «օդում» մնալու, և ինչպես ենք այդ հարցը լուծելու։ Այսինքն՝ ամեն ինչ պլանավորված կլինի, ոչ թե վերջին պահին, երբ արդեն փաստի առաջ ենք կանգնած։

Հիմա ամբողջ տեղեկատվությունը ստանում ենք համայնքապետարաններից, որոնք այն ստանում են խաղողագործներից և գինեգործներից։ Վերջիններս մոտավոր ասում են՝ այսքան կմթերենք, բայց ֆինանսական, արտահանման կամ վաճառքի պատճառներով ինչ-որ բան կարող է չստացվել, և նրանք ասում են՝ չենք կարող մթերել։ Փաստի առաջ ենք կանգնում, և պետությունն էլ փորձում է ինչ-որ կերպ աջակցել, որ խաղողագործները չտուժեն։ Սուբսիդիաների ծրագիրը հիմնականում հենց խաղողագործներին է ուղղված։

Կարծում եմ՝ ռեեստրը կօգնի ավելի պլանավորված և ճիշտ տրամադրել սուբսիդիաները, վերահսկելի դարձնել ամբողջ գործընթացը և վերջապես հասկանալ՝ մեր առաջարկն ու պահանջարկը հավասարակշռվա՞ծ են, թե ավելի շատ խաղող ենք արտադրում, քան դրանից գինի ենք պատրաստում։

Տեսեք, Արենին դարձել է այցեքարտ. բոլոր գինեգործական ընկերությունները Արենիից գինի են արտադրում։ Վաղը մենք խնդիր ենք ունենալու՝ արդյոք այդ գինիներն իսկապե՞ս Արենիից են։ Այս գործիքը, ինչպես նաև աշխարհագրական տեղանունը, որը շուտով կունենանք, թույլ կտան, որ այդ GI-ն օգտագործելու իրավունք ունենան միայն Վայոց ձորի գինի արտադրողները։ Դա էլ կբերի հավասարակշռության։

Մի քիչ ժամանակ է պետք։ Անկեղծ եմ ասում՝ ոլորտն արագ է զարգանում, խնդիրները շատ-շատ են, իսկ այլ երկրների նման մեծ միջազգային աջակցություններ չունենք, որ արագ առաջ գնանք։ Փոքր քայլերով ենք շարժվում։

— Որքանո՞վ է գինեգործությունը դարձել ընտանեկան բիզնես։

— Այն շատ բարդ, երկարաժամկետ ներդրում պահանջող բիզնես է։ Այսօրվա բիզնեսմենները, թերևս, ներդնում են իրենց թոռների համար (ծիծաղում է)։ Բայց սա ազգանվեր գործ է, որովհետև, ինչպես նախկին հարցազրույցներից մեկում էլ ասացի, գինին զուտ ալկոհոլային խմիչք չէ. դա մշակույթ է, համայնքների զարգացում, զբոսաշրջություն, այն կարող է դառնալ երկրի բրենդ և ճանաչում բերել։ Դրա համար ավելի շատ համբերություն և լուրջ ներդրում է պահանջում, բայց շատ կայուն ու հետաքրքիր բիզնես է։

Ինչ վերաբերում է փոքր, տնայնագործ արտադրողներին, որոնք իրականում տանը գինի են պատրաստում, Վայոց ձորում հետաքրքիր ծրագիր ենք ունեցել. նրանց դարձրել ենք գաստրոբակեր, նրանք դարձել են հյուրատներ, գիշերակաց և սնունդ են տրամադրում։ Մեր նպատակն է, որ ամբողջ ընտանիքը ներգրավված լինի բիզնեսում, որ մարդիկ արտերկիր չմեկնեն աշխատելու, այլ իրենց տանը, իրենց հողի վրա գումար վաստակեն։ Կարծում եմ՝ դա մուլտիպլիկատիվ էֆեկտով տարածվում է։

— Դեպք է եղել, արտադրողները ճանապարհ փակում ու պահանջներ ներկայացնում՝ ասելով, թե լոլիկն այնքան է էժանացել, որ այլևս չեն կարող աշխատողին վճարել։ Սա ավելի շուտ մտածելակերպի հարց չէ՞։

— Այո, ճիշտ եք ասում, դա մենթալիտետի հարց է։ Յուրաքանչյուրս պետք է հասկանանք երկրի հզոր ներուժն ու հնարավորությունները։ Երբ մարդիկ գիտակցեն, որ իրենց հողում, իրենց ջրով, իրենց պայմաններում կարող են ավելի շատ արժեք ստեղծել՝ թե՛ նյութական, թե՛ մարդկային, թե՛ ազգային, դրանով ոգեշնչված կապրեն։ Պետք է աշխատել մարդկանց հետ, վստահություն ներշնչել, տարածել լավագույն փորձը և ցույց տալ՝ տես, քո հարևանը՝ քեզ նման գյուղացի, ինչեր է ստեղծում, որովհետև հավատացել է իր ներուժին։

— Վերջին հարցը։ Այլ երկրներից դիստիլյատների ու սպիրտի ներմուծման մասին։ Գինին սպիրտավորվո՞ւմ է։

— Եկեք գինին չխառնենք. գինու մեջ այդ կեղծարարությունը, կարծում եմ, չկա, դա ավելի շատ կոնյակին է վերաբերում։ Անկեղծ ասած, չգիտեմ մի գործարան, որը կարող է գինի կեղծել։

— Բայց սուպերմարկետից երբեմն գինի ես գնում ու…

— Գուցե լավ չեն մշակել, բայց կեղծ՝ դժվար։ Սա էլի իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց հավատացեք, ես աշխատում եմ ոլորտի հետ, ամեն օր այցելում եմ գինեգործարաններ և չեմ կարող ասել, որ որևէ գինեգործարան կարող է կեղծել։ Կարող է տեխնոլոգիան լավը չլինի, և լավ գինի չստացվի, բայց կեղծել՝ չեմ կարծում։

Ինչ վերաբերում է սպիրտին, այն ներմուծվում է տարբեր նպատակներով՝ ներմուծվում և նորից արտահանվում է։ Օրենքով թույլատրվում էր կուպաժներում սպիրտներ օգտագործել, դա արգելված չէր, և հնարավոր է՝ հենց կուպաժների համար է օգտագործվել։ Բայց գինու դեպքում… չեմ կարող Ձեզ հակառակը հավաստիացնել։

— GI-ի իմաստն էլ հենց այն է, որ այս շղթան չընդհատվի։

— Այո, իհարկե, և այստեղ հիմնականը ռեեստրն է։ GI-ն կապված է լինելու ռեեստրին, վերահսկվելու է ամբողջ արտադրական գործընթացը՝ խաղողից սկսած։ Կարելի է խոսել վերահսկողության անհրաժեշտության մասին, բայց դրա համար գործիքներ պետք է ունենաս։ Եթե տվյալների բազա չունես, չես կարող վերահսկել. ի՞նչ վերահսկես, եթե չգիտես, թե որքան էր։

Մենք քարտեզագրել ենք Հայաստանի բոլոր խաղողի այգիները, նկարահանել ենք դրոններով, և այնքան մոտիկից, որ երևում է յուրաքանչյուր վազը։ Կարծում եմ՝ դա պետք է օգտագործենք, որ վերահսկողությունն իրականացնենք ոչ թե ձևական, այլ պատշաճ կերպով, ինչն էլ կբերի որակի։

— Պետության հնարավորությունները բավարա՞ր են եվրոպական չափանիշներով սերտիֆիկացումը կազմակերպելու համար։

— Այո։ Գինու հետ կապված մենք երբեք խնդիր չենք ունեցել, և հակառակն է ապացուցվում։ Եվրոպան գինու ամենաբարդ շուկան է. այնտեղ ավելի քմահաճ են, իրենք գինեգործական երկրներ են և ավելի խստապահանջ են ընտրում։ Եթե մենք Եվրոպայում գինի ենք վաճառում, և վաճառքն աճում է, ուրեմն իսկապես խոսքը որակյալ գինի արտադրողների մասին է, որոնք գինի են արտադրում հենց այդ շուկայի համար։

— Մաղթում եմ համբերություն։ Որքան շուտ գինեգործներն ու խաղող արտադրողները հասկանան, որ սա կենդանի օրգանիզմ է՝ հողից սկսած մինչև շիշը, այնքան լավ։

— Շատ շնորհակալ եմ։ Իրականում սա շատ մեծ աշխատանք է, որում ներգրավված են մասնավոր հատվածը, պետությունը, խաղողագործը, և, անկեղծ եմ ասում, այն շատ հետաքրքիր կերպով է աշխատում։ Հիմնադրամի միջոցով մենք խնդիրը բարձրաձայնում ենք մեր նախարարությանը, նախարարությունը շատ արագ է արձագանքում, և փորձում ենք լուծումներ տալ, որ ոլորտը ցնցումների չենթարկվի։ Եթե բոլորս՝ գինեգործները, հիմնադրամը, խաղողագործները, ճիշտ կատարենք մեր աշխատանքը, ոլորտը ցնցումների չի ենթարկվի, իսկ մեր ֆինանսներն էլ կուղղվեն այլ ծրագրերի, ինչն ավելի կուժեղացնի մեզ։

Տեղեկանք

Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) համաձայն՝ «կոնյակ» անվանումը Հայաստանի ներքին շուկայում կարգելվի 2032 թ.-ից, իսկ արտահանման ժամանակ դրանից կհրաժարվեն 2043 թ.-ից. 13 և 24 տարվա ժամկետները հաշվարկվում են համաձայնագրի ժամանակավոր կիրառման մեկնարկից (2018 թ. հունիսի 1) մեկ տարի անց (համաձայնագրի տեքստը ՀՀ ԱԳՆ կայքում, հոդվածներ 237 և 385, ֆայլի էջեր 213–215 և 354)։ Դրա դիմաց ԵՄ-ը պարտավորվել է ոչ ուշ, քան ութ տարի անց, այսինքն՝ մինչև 2026 թ. հունիս, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նոր անվանման ստեղծման և առաջխաղացման գործում. եթե աջակցություն չլինի, Հայաստանն իրավունք ունի կասեցնել անվանման հետ կապված իր պարտավորությունները (նույն տեղում, հոդված 237, կետեր 4–7)։ ԵՄ «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման մշակման համար» ծրագիրը՝ 2 մլն 845 հազ. եվրո արժողությամբ, իրականացվել է 2024 թ. հունիսի 20-ից մինչև 2026 թ. հունիսի 19-ը (ԵՄ ծրագրի քարտ). Եվրոպական հանձնաժողովն այն անվանում է «Cognac և Champagne անվանումներից դժվարին հրաժարում» (ԵՄ գյուղատնտեսության գլխավոր տնօրինություն)։ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման հայտը Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2026 թ. մարտի 13-ին. բրենդի՝ միայն հայկական խաղողի սորտերից ստացված գինենյութի թորվածքից (Մտավոր սեփականության գրասենյակի 2026 թ. մարտի 16-ի № 03/2 տեղեկագիր, էջեր 471–472). ԵՄ ծրագիրն ավարտված է, իսկ գրանցման վերաբերյալ որոշում դեռ չկա։ Աշխարհագրական նշումով մթերքները ԵՄ-ում միջինում 2,5 անգամ ավելի թանկ են թունդ խմիչքների դեպքում և 2,85 անգամ՝ գինիների դեպքում (ԵՄ ուսումնասիրություն)։

էթիլային սպիրտ Հայաստանը գործնականում չի ներմուծում (2025 թ.՝ $150 հազ.), սակայն ներմուծում է թունդ խմիչքներ և թորվածքներ (2208)՝ $68,9 մլն-ի, որից $31,4 մլն-ը՝ Վրաստանից (մաքսային տվյալներ)։

Գինու և կոնյակի արտահանումը 2025 թ.: 2024 թ. համեմատ գինու արտահանման ֆիզիկական ծավալն աճել է 0,3%-ով, կոնյակինը՝ նվազել 19,9%-ով (ՀՀ վիճակագրական կոմիտե)։

Կոնյակի կախվածությունը Ռուսաստանից: Կոնյակի արտահանման 83%-ն ուղղվում է Ռուսաստան։ Թիվը ներկայացված է ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ չորս երկրների զեկույցի վերլուծության մեջ (ՌԴ կառավարություն, զեկույցի 4.2–4.3 բաժիններ)։

Գինու արտադրությունը 2025 թ.: Շուրջ 8 մլն լիտր՝ 2024 թ. համեմատ 18,5%-ով (1,8 մլն լիտրով) պակաս (ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծի հիմնավորում, 2026 թ. հոկտեմբեր)։

Գինու արտադրությունը 2026 թ. հունվար–հուլիսին: 4 189,0 հազ. լիտր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,4% աճ։ Փրփրուն գինու արտադրությունը կազմել է 652,7 հազ. լիտր (+21,6%) (ՀՀ վիճակագրական կոմիտե)։

Ընդհանուր արտահանումը 2026 թ. հունվար–սեպտեմբերին: 5 163,1 մլն դոլար՝ 8%-ով պակաս, քան 2025 թ. նույն ժամանակահատվածում (ՀՀ վիճակագրական կոմիտե)։

Արենիի մթերման խնդիրը 2026 թ.: Վայոց Ձորում Արենիի սպասվող բերքը մոտ 5 400 տոննա է, որից 3 400 տոննան ծածկված է պայմանագրերով կամ ներքին սպառմամբ, իսկ շուրջ 2 000 տոննան մնացել է առանց մթերողի։ Արենիի շուկայական գինը մոտ 230 դրամ/կգ է, կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողինը՝ 135–140 դրամ/կգ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մոտ 140 մլն դրամ՝ 70 դրամ/կգ սուբսիդիայով, այն պայմանով, որ մթերողը գնի առնվազն 800 տոննա Արենի՝ առնվազն 210 դրամ/կգ գնով։

Մթերման վարկերի ժամկետը: Կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ խաղողի մթերման սուբսիդավորվող վարկի չափը հաշվարկվում է մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրերով։ 2026 թ. համար առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 15-ը, ինչը կպահանջի մոտ 270 մլն դրամի լրացուցիչ վարկային միջոցներ (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)։

Ռեեստր և պայմանագրեր: Խաղողի տնկարկների ռեեստրը կգործարկվի 2026 թ. դեկտեմբերին, իսկ հաջորդ տարվանից մթերման պայմանագրերը պարտադիր կցվելու են հարթակում մինչև մայիս (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ)։

Աղբյուրներ՝

ՀՀ վիճակագրական կոմիտե — https://armstat.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն — https://mineconomy.am

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայք — https://www.e-draft.am

ՌԴ կառավարություն, չորս երկրների զեկույց ԵԱՏՄ անդամակցության կասեցման հետևանքների մասին — http://government.ru/news/60241/

Լուսանկարը՝ wineanorak.com

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}