Macro

Հայաստանում 12-ամսյա գնաճը հոկտեմբերին կազմել է 4,3%

Հայաստանում 12-ամսյա գնաճը 2026-ի հոկտեմբերին կազմել է 4,3%, իսկ սեպտեմբերի համեմատ գներն աճել են 0,3%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ տարեսկզբից՝ 2025-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գները բարձրացել են 2,4%-ով, իսկ հունվար–հոկտեմբերին միջինում՝ 4,5%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Գնաճը մնում է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) 3% թիրախից բարձր։ Ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 4,9%-ով, ծառայությունների սակագները՝ 3,2%-ով։ Սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի խմբում գնաճը կազմել է 5,9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8%։

Ամենաշատը թանկացել են ալկոհոլային խմիչքը և ծխախոտային արտադրատեսակները՝ 7,6%-ով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև ռեստորանների և հյուրանոցների գներն աճել են 5,6%-ով, հագուստինն ու կոշիկինը՝ 4,2%-ով, բնակարանային ծառայություններինը, ջրինը, էլեկտրաէներգիայինը, գազինը և վառելիքի այլ տեսակներինը՝ 3,5%-ով։ Առողջապահության և կրթության ծառայությունները թանկացել են 3,2%-ով, տրանսպորտը՝ 2,4%-ով, իսկ ամենացածր գնաճն արձանագրվել է հանգստի և մշակույթի (0,7%) և կապի (0,3%) բաժիններում։

4,3% գնաճի 2,2 տոկոսային կետը, այսինքն՝ կեսից ավելին, բաժին է ընկել սննդամթերքին և ոչ ալկոհոլային խմիչքին։ Միսը տարեկան կտրվածքով թանկացել է 10,8%-ով (ազդեցությունը՝ 1,15 տոկոսային կետ), այդ թվում՝ տավարի միսը՝ 22,2%-ով։ Ձվի գինը բարձրացել է 19,4%-ով, կաթնամթերքի, պանրի և ձվի խմբինը՝ 8%-ով։ Ձուկն ու ծովամթերքը, ընդհակառակը, էժանացել են 17,8%-ով, թարմ իշխանը՝ 22,2%-ով, կարագը՝ 5,3%-ով։

Սեպտեմբերի համեմատ ամենաշատը թանկացել են հագուստը և կոշիկը (1,8%), ինչպես նաև հանգստի և մշակույթի ապրանքներն ու ծառայությունները (1%)։ Բանջարեղենի գներն աճել են 4,6%-ով, մրգինը նվազել՝ 5,4%-ով։ Տրանսպորտի բաժնում գները մեկ ամսում իջել են 0,5%-ով տրանսպորտային ծառայությունների 4,1% էժանացման հաշվին, թեև բենզինը թանկացել է 5%-ով, դիզելային վառելիքը՝ 4,7%-ով։ Տարեկան կտրվածքով կաղամբի գինը բարձրացել է 80,8%-ով, խնձորինը՝ 29,1%-ով։

Սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը (4,3%) բարձր է եղել Եվրամիության միջինից (3,8%) և ԱՄՆ-ի ցուցանիշից (3,7%), բայց ցածր՝ Վրաստանի (5,6%), Ռուսաստանի (6,3%) և Ղազախստանի (9,3%) ցուցանիշներից։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}